Ինչու՞ է անհրաժեշտ պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի փոխարեն գումարը տրամադրել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ոլորտում առկա խնդիրների ու գործընթացի կոռուպցիոն ռիսկերի բացահայտման նպատակով Երևանում իրականացրել է եռամսյա ծրագիր: Ծրագրի վերլուծաբան-փորձագետ Բաբկեն Պիպոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ առաջին փուլն ավարտված է: Բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք ըստ էության բխում են օրենսդրության սխալ կարգավորումից կամ օրենքի բացից.

«Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքցիների մեծ մասն իրենց իրավունքների մասին տեղյակ չեն, իսկ պետությունն էլ մաքսիմալ անկեղծ չի խաղում: Չի ասում, որ ես աղքատ պետություն եմ ու չեմ կարող առավելագույն չափով փոխհատուցում տալ: Ընթացակարգը այսպես է մշակված. հիվանդը պետք է ստորագրի, որ դեղ ստանա, բայց օբյեկտիվորեն նա չի ուզում ստանալ այդ դեղը: Ստացվում է, որ նա ստիպված ստորագրում է ցուցակից դուրս չմնալու համար, բայց դեղը չի վերցնում, մնում է բժշկին: Սա պոտենցիալ կոռուպցիա է››:

 Ուսումնասիրությունների արդյունքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանգել է նրան, որ մինչև անգամ բժիշկները այդ դեղերը կարող են վաճառել դեղատներում, հետևաբար Բաբկեն Պիպոյանը առաջարկում է. «Եթե, օրինակ, ես` որպես պետություն, կարողանում եմ տրամադրել 500 դրամանոց դեղ, ու հիվանդը չի ուզում այն, այդ գումարը տան և նա շուկայից գնի իր ընտրությամբ››: Ըստ պրն. Պիպոյանի` այս խնդրի լուծմամբ ոլորտի կոռոպցիոն ռիսկերի մեծ մասը կնվազի:

Բարձրացված հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունը ևս գնահատական է տվել և չի առարկել, որ դրանք առկա են: Սակայն առաջարկի նկատմամբ ԱՆ-ը որոշակի մտավախություն ունի առ այն, որ գումարը ձեռք բերելուց հետո, հիվանդները դեղ չեն գնի:

Բաբկեն Պիպոյանի խոսքով Առողջապահության նախարարության կողմից մշակված երկու օրենսդրական նախագծերը որոշ խնդիրներ կլուծեն: Բայց ամբողջական խնդրի լուծումը պահանջում է համակողմանի մոտեցում: Ըստ նրա` հարկավոր է նաև հանրության իրազեկության աստիճանը բարձրացնել: Նպատակային առումով նախատեսված ուսումնասիրությունը իրականցվել է, խնդիրները բացահայտվել են, իսկ լուծման մեխանիզմենրի մշակման համար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն այս պահին սպասում է հոկտեմբեր-նոյեմբեր ամսին Առողջապահության նախարարության հետ կայանալիք հանդիպմանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Լ. Մամյան

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ