Մի վտանգեք Ձեր առողջությունը.իմացեք, թե ո՞ր բժիշկները կարող են դեղատոմս դուրս գրել

Առողջապահության նախարարության թիվ N 100 հրամանով հաստատվում է բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բացթողման կարգը:

Այսպես, համաձայն որոշման`ՀՀ տարածքում բոլոր դեղերի համար (բացառությամբ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի) բժիշկների կողմից պետք է դուրս գրվեն դեղատոմսեր:  Դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն այն բժիշկները, որոնք ունեն բժշկի անձնական կնիք:

Դեղատոմսերը պետք է դուրս գրվեն ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթերով: Դեղատոմսը դուրս է գրվում ընթեռնելի ձեռագրով, առանց ուղղումների, լատիներեն և հայերեն լեզվով:

Թմրադեղերի և թունավոր դեղերի անվանումները դեղատոմսի վրա գրվում են սկզբում, այնուհետև` մնացած բաղադրամասերի անվանումները: Դեղատոմսը դուրս գրելու ժամանակ հեղուկ դեղերի քանակը գրվում է միլիլիտրերով և կաթիլներով, մնացած նյութերինը՝ գրամներով: Արգելվում է ամբուլատոր հիվանդների համար դուրս գրել դեղեր, որոնք չեն օգտագործվում ամբուլատոր հիվանդների բուժման համար: Թմրադեղերի և հոգեմետ դեղերի դեղատոմսային ձևաթղթերի վրա դուրս է գրվում միայն մեկ դեղ ու քանակը նշվում է նաև տառերով: Մնացած դեպքերում թույլատրվում է դուրս գրել երկու դեղ:

Անվճար կամ զեղչով դեղատոմսերը վավերացվում են բուժկանխարգելիչ հաստատության դրոշմակնիքով, դեղատոմսի համար կնիքով, բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով, ինչպես նաև դեղատոմսի վրա գրվում է անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը, որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ ու կլոր կնիքով: Պետության կողմից մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի համար դեղատոմսի վրա կատարվում է նշում` «հումանիտար»:

Անվճար կամ զեղչով դուրս գրած դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամիսը, ամսաթիվը, հիվանդի Ա.Ա.Հ., ամբուլատոր քարտի համարը, զեղչի կամ տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և հիվանդի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:

Պետության կողմից անվճար կամ զեղչով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի բովանդակությունը բժիշկը պարտավոր է գրանցել հիվանդի ամբուլատոր քարտի մեջ: Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով` վերջինիս ստորագրությամբ ու կնիքով: Դեղատոմսը պետք է գրանցվի հոգեմետ դեղատոմսերի հաշվառման մատյանում` մատյանի հերթական համարը գրելով դեղատոմսի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել