ՀԵԻԱ անդամը ապօրինի հարստացման հարցը բարձրացրեց Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևանում տեղի է ունեցել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել է ՀՀ սահմանադրության նոր նախագիծը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:

Նա երկու հարց է բարձրացրել հանդիպման ժամանակ: Նախ նա հայտնել է, որ ՀՀ-ի կողմից վավերացված՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը հորդորում է պետություններին քրեականացնել ապօրինի հարստացումն, ինչն էլ ենթադրում է մեղավորության կանխավարկածի կիրառում: Այնինչ ՀԵԻԱ անդամը հաղորդել է, որ թե՛ ՀՀ գործող սահմանադրության, թե՛ փոփոխման նախագծում միայն ամրագրել են անմեղության կանխավարկածը. «Մեր կարծիքով այս հանգամանքը խոչընդոտ կարող է հանդիսանալ հետագայում ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի ներդրման կոնտեքստում»,- ասել է պարոն Ատովմյանը՝ հետաքրքրվելով հանձնաժողովի ներկայացուցիչներից, թե ի՞նչ կարծիքի են այս հանգամանքի վերաբերյալ ու համամի՞տ չեն, որ նոր Սահմանադրության նախագծում պետք է ամրագրել նաև մեղավորության կանխավարկածը:

Այս հարցին բովանդակային պատասխան չի եղել, հանձնաժողովի անդամները պարզապես պատասխանել են, որ ծանոթ են նախագծի այն հոդվածին, որում ամրագրված է անմեղության կանխավարկածը:

Բացի այդ փաստաբանը շեշտել է, որ Հայաստանի կողմից բարձրացված մի շարք միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով ամրագրված է մարդու աշխատանքի իրավունքն, սակայն գործող Սահմանադրությունն ու փոփոխությունների նախագիծը նախատեսում է աշխատանքի ազատ ընտրության իրավունքը. «Աշխատանքի իրավունքը չի ընկալվում այնպես, որ պետությունը անխտիր պարտավոր է բոլորին ապահովել աշխատանքով, այլ եվրոպական իմաստով, ԵԽ-ի իմաստով՝ այն ենթադրում է երկու հանգամանք, որ պետությունը պետք է այնպիսի տնտեսական քաղաքականություն վարի, որը հնարավորինս կնպաստի բիզնեսի զարգացմանն ու աշխատատեղերի ավելացմանը, և երկրորդը՝ պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն»,- ասել է ՀԵԻԱ անդամը և հետաքրքրվել, թե արդյոք նպատակահարմար չէ, որ նախագծում այս դրույթը նույնպես ամրագրվի:

Իսկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները պարզապես պատասխանել են, որ հարցը բավականին բարդ գիտական բնույթ ունի և լուրջ քննարկում է պահանջում, ուստի իրենք դժվարանում են միանշանակ դիրքորոշում հայտնել:

Շեշտենք, որ հուլիսի 22-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նամակ է ուղարկել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Հարությունյանին՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկել և հայտնել հանձնաժողովի տեսակետը, թե արդյո՞ք նպատակահարմար է՝

• ՀՀ սահմանադրության նոր նախագծով կարգավորել Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմնի ստեղծումը,

• ՀՀ սահմանադրության նոր նախագծով կարգավորել Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը:

Սակայն հանձնաժողովից առ այսօր որևէ պատասխան չկա: Ստացվում է, որ Սահմանադրական բարեփոխումները, թեև հայտարարվում են, որ իրականացվում են բաց և թափանցիկ՝ հանրային քննարկումների միջոցով, սակայն ՀԿ սեկտորի առաջարկները ոչ միայն չեն ընդունում, այլ չեն էլ քննարկում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ