Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Լավրենտ Քոսյանի ու մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Նիստի սկզբում դատավորը որոշեց ամբաստանյալ Հրաչիկ Չփլախյանի գործի վարույթը (որն առանձնացված էր այս գործից ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով) շարունակել սեպտեմբերի 23-ին` հնարավոր ամեն ինչ անելով, որ Հ. Չփլախյանը ներկա գտնվի նիստին:
Այնուհետև շարունակելով դատական նիստը, դատավոր Մարտիրոսյանը նիստի դահլիճ հրավիրեց գործով վկա Գրիգոր Ջաղինյանին: Նա ասաց, որ քրեական գործի նախապատմության ծանոթ չէ, ուղղակի ծանոթացրել է ամբաստանյալներ Քոսյանին և Կիզոկյանին: Վկայի հավաստմամբ՝ ամբաստանյալներին ճանաչում է 5-6 տարի, ինքն ուղղակի ծանոթացրել է նրանց, որից հետո ամբաստանյալները սկսել են ընկերություն անել, եղել են դեպքեր, երբ հանդիպել են առանց իր ներկայության: «Ես իմացել եմ, որ ինչ-որ գործարք են արել, բայց կոնկրետ չգիտեմ ե՞րբ կամ ո՞վ է եղել, մանրամասն չգիտեմ: Գործարքի մասին ինձ Լավրենտն է ասել: Հետո էլ ասեց, որ չի ստացվել գործարքը»:
Վկայի հարցաքննությունից հետո պետք է քննվեին մյուս վկաները, որոնք նիստին չէին ներկայացել ինչ-ինչ պատճառներով: Որպեսզի ապացույցների քննության հետաքննության հաջորդականությունը չխախտվի, կողմերի համաձայնությամբ դատավորը նիստը հետաձգեց, որի քննությունը կշարունակվի սեպտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանվում են չորս անձիք: Լիլիա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալու փորձ կատարելու համար, Հրաչիկ Չփլախյանին` կաշառք տալուն միջնորդելու փորձի համար, իսկ Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին` խարդախության առաձնապես խոշոր գումար հափշտակելու համար: Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, մյուսների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ռոզա Վարդանյան