Հետաքննող լրագրող Իսմայիլովան ժպտացել է՝ լսելով դատախազի՝ իրեն 9 տարվա ազատազրման դատապարտելու միջնորդությունը

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է ինը տարվա ազատազրկման դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային. այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դատավարությունը ընթանում է փակ դռների հետևում: Ադրբեջանում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Շվեդիայի դեսպաններին, ինչպես նաև մի խումբ լրագրողների թույլ չեն տվել հետևել դատավարության ընթացքին և նրանք փողոցում էին սպասում լուրերի:

Ինչպես հաղորդվում է, Իսմայիլովան ժպտացել է, երբ լսել է իրեն ինը տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատախազի պահանջը:

Ավարտին մոտեցող դատավարության հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 26-ին:

Անցած տարվա դեկտեմբերից անազատության մեջ գտնվող 39-ամյա լրագրողը բացահայտել և հրապարակել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների կոռուպցիայի մասին լրագրողական հետաքննական նյութեր:

Իշխանությունները նրան մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Իսմայիլովան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ