Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ կառավարության 715-Ն որոշմամբ հունիսի 25-ին կառավարության կողմից տրամադրված 98 միլիոն դրամի համարժեք նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար գրասենյակային զանազան կահույք է գնվել:
Իսկ հունիսի 30-ի կառավարության նիստի ժամանակ լուծվեցին նաև նախարարության տարածքային խնդիրները՝ 9 միլիոն 868 հազար դրամ հատկացվեց՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում 400 քմ ընդհանուր տարածքի վարձակալության համար՝ մեկ քառակուսի մետրը 4934 դրամ վարձավճարով: Գումարը հատկացվել է օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը տարածքը վարձակալելու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա համար վճարվելու է 1 միլիոն 973600 դրամ:
Տարածքը վարձակալվել է «Հանարդնախագիծ» ԲԲ ընկերությունից: Տվյալ հասցեում տարածքների վարձակալության համար սահմանված է մեկ քառակուսի մետրի դիմաց 4800 դրամ: Սակայն քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տարածքն օգտագործողին համապատասխան թույլտվություն չի տրամադրում առանձին բաժանորդ գրանցվելու համար, ապա «Հանարդնախագիծ» ընկերությունն առաջարկել է վարձավճարի մեջ ներառել նաև գազի (ջեռուցման), գազի սպասարկման և աղբահանության վճարները: Սրանով էլ պայմանավորված է, որ 1քմ տարածքի համար գինը սահմանվել է 4934 դրամ:
Իսկ տարածքի վարձակալության հիմնավորումն այն է, որ 2014-ի դեկտեմբրի մեկին նախագահի հրամանգրով ստեղծվել է նախարարությունը և դրա բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան գրասենյակային տարածք, ինչպիսին պետության սեփականությունների թվում չկա: