Եթե տեսնենք, որ սայլը տեղից չի շարժվում հրավերները նույնպես չենք ընդունի. Վարուժան Հոկտանյան

Կոռուպցիայի դեմ խորհրդի նիստին ներկա գտնվելու հրավերը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ստացել է նիստի նախորդ օրը. «Մեր կազմակերպության սկզբունքն ու դիրքորոշումը եղել է այն, որ չանդամակցելով խորհրդին, հրավիրելու դեպքում գնալ ու մասնակցել՝ որպես դիտորդ: Իրենց կազմակերպության պատճառով, ես հրավերը ստացել եմ երկուշաբթի օրվա կեսին, երբ որ ինձ նախապես ասվել էր, որ մեկ շաբաթ առաջ պետք է ստանայի, երբ հրավերը ստացա, ստիպված եղա արագ փոխել իմ աշխատանքային գրաֆիկը, պետք է Արմավիր գնայի, որովհետև կոռեկտ չէր լինի հրավերը մերժել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց պարոն Հոկտանյանը:

Մինչ այս, նա մեզ տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Հերթական հարցազրույցի ընթացքում, պարոն Հոկտանյանը ասաց, որ մեզ հետ զրուցելիս նա հրավերը չէր տեսել, ուստի հենց դա էր հանդիսանում գլխավոր պատճառը, որ հուլիսի 25-ին նա հայտնեց, թե չի մասնակցելու նիստին:

Ինչևէ, խորհրդի նիստի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գործադիր տնօրենը մի շարք հարցեր ուղղեց անդամներին: Թե ինչ արդյունք տվեց խորհուրդն իր նիստով, պարոն Հոկտանյանն առաջարկեց դեռ չշտապել եզրահանգումներ անելու համար. «Որոշում ընդունելն մի բան է, դրանք իրականացնելն՝ այլ: Պետք է մի քանի ամիս անցնի, որպեսզի հասկանանք՝ այդ որոշումներն ինչ արդյունք կտան, ինչպես կկիրառկվեն, խնդիրը հենց դրա մեջ է»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես եք տեսնում խորհրդի հետ հետագա հնարավոր համագործակցությունը: ԹԻՀԿ գործադիր տնօրենը պատասխանեց. «Ժամանակին մենք նախորդ ռազմավարության մոնիթորինգային խմբի անդամ էինք, այն ստեղծվեց 2004-ին, սակայն 2007-ին դուրս եկանք, որովհետև տեսանք, որ ոչ մի լուրջ բան չի արվում: Հիմա մենք անդամ չենք, հետագայում, եթե տեսնենք, որ սայլը տեղից չի շարժվում, նաև չենք ընդունի հրավերները, բայց կրկնում եմ՝ եթե տեսնենք»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ