Կանխատեսումները, որ հակակոռուպցիոն խորհուրդը չի կարողանալու պրոֆեսիոնալ աշխատել, սկսել են իրականանալ

Ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) փորձագիտական հետազոտություն էր կատարել՝ ուսումնասիրելով և վերլուծելով տարբեր երկրներում գործող հակակոռուպցիոն մարմինների և Հայաստանում հակակոռուպցիոն հայեցակարգի համաձայն՝ ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ: Հետազոտությունը, որտեղ նշված էին մասնագիտական կանխատեսումներ և առաջարկություններ, ներկայացվել էր թե կառավարության աշխատակազմին, թե արդարադատության նախարարությանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀԵԻԱ-ի կողմից իրականցվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ Մարատ Ատովմյանը:

«Մենք մասնագիտական կանխատեսումներ էինք արել, որ կառույցը չի կարողանալու պորֆեսինալ աշխատել և այդ կանխատեսումները սկսել են իրականանալ: Ինչպես տեսնում ենք, հասարակական կազմակերպություններն ու ԱԺ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել: Եվ որևէ քայլ չարվեց քննարկելու, հասկանալու, թե ինչու հրաժարվեցին անդամակցել և որևէ քայլ չարվեց այդ մարմնի ձևաչափը փոխելու վերաբերյալ»,- ասաց Մ. Ատովմյանը:

Նրա խոսքով, հակակոռուպցիոն խորհուրդը մասնագիտական և անկախ մարմին չէ, ինչը երևաց նաև երեկ տեղի ունեցած անդրանիկ նիստին. «Կազմակերպչական առումով  խնդիրներ կային, տարբեր մարդիկ էին ներկա և հասկանալի չէր, թե ով է խորհրդի անդամ, ովքեր են հրավիրվածները, ինչ հիմքերով էին հրավիրվել: Օրակարգում ներգրավված էին հարցեր, ելույթներ ու գնահատականներ էին հնչում, որոնք հակակոռուպցիոն պայքարի հետ որևէ առնչություն չունեին: Եթե որոշակի պարբերականությամբ այս ֆորմատով հանդիպումներ լինեն, ապա չեմ կարծում, որ խորհրդի աշխատաները օգտակար և արդյունավետ կլինեն»,- ասաց փորձագետը:

Նա հավելեց նաև, որ Հայաստանում պետք է ստեղծվի պրոֆեսիոնալ, անկախ մարմին, որի գործունեությունը կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարը կլինի. «Սա բազմապրոֆիլ գործունեություն է, որով պետք է զբաղվել մասնագիտորեն և մշատապես»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ