ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան չի մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստին․ Կարեն Զադոյան

Շուրջ 70 հասարակական կազմակերպություններից կազմված հակակոռուպցիոն կոալիցիան չի մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստին։

«Ես աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանա մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստին։ Ինչ վերաբերում է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային, ապա կոալիցիան որևէ կազմակերպության չի լիազորել մասնակցել իր անունից»,- ասաց ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Հիշեցնենք՝ մինչ այս կառավարությունը մրցույթ էր հայտարարել՝ առաջարկելով ՀԿ-ներին հայտներ ներկայացնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար, կոալիցիան մի շարք պահանջներ էր դրել, այդ թվում՝ խորհդրի կազմում ՀԿ-ների թվի ընդլայնման, անկախ հակակոռուպցիոն մարմնի և ապօրինի հարստացման քրեականացման հարցերով բազմակողմանի մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծման մասին, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, որոնք չէին իրականացվել, ինչից հետո ձեռնպահ էր մնացել մրցույթին մասնակցելուց։ Արդյունքում՝ ոչ մի ՀԿ հայտ չէր ուղարկել կառավարություն, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից միայն մեկն էր որոշել ընդգրկվել խորհրդի կազմում։

«Լավագույն տարբերակն այն է, որ յուրաքանչյուր ինստիտուցիոնալ մարմին գործի այն ձևաչափով, ինչպիսի ձևաչափով, որ նախատեսվում է ի սկզբանե,- ասաց Կարեն Զադոյանը՝ հավելելով,- եթե ինչ-ինչ պատճառով այդ ձևաչափը չի ապահովվում, ապա իմ համոզմամբ, պետք է ոչ թե այն գործի դնել ոչ լիարժեք կազմով, այլ նոր քննարկումների հարթակ բացել, վեր հանել մոդելի չկայացման պատճառները։ Այնպես որ՝ առաջին լուրջ ձախողման պարագայում, պարզապես պետք չէր նախաձեռնությունն առաջ տանել ու վերջնական տապալել այն։ Հարկավոր էր այդ պահին կանգնել, թեկուզև ժամանակավորապես նոր ինստիտուցիոնալ մոդել մշակել, որտեղ և ներկայացված կլինեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, և ՔՀԿ ներկայացուցիչները, այնպիսի լայն ճակատով, ինչպիսին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախատեսել էր»։

Վերոնշյալ խնդիրները քննարկելու փոխարեն, կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ներառել է երկրորդական բնույթի երկու հարց՝ Տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակի ներկայացում, առկա խնդիրների և նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման վերաբերյալ խնդիրների քննարկում։

«Խաբկանք կա, իրականում քաղաքացիական հասարակությունը չի մասնակցում խորհրդի աշխատանքներին, այլ բան է, որ կարող են տարբեր ՀԿ-ներ հրավիրել նիստերին, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ ու այլ անձիք։ Կարող են լինել զեկուցողներ, նույն տրամաբանությամբ նրանց կարող են հրավիրել կառավարության նիստին և զեկուցել օրակարգային հարցեր։ Սա իմ համոզմամբ՝ ճիշտ մոտեցում չէ, ոչ հաջող փորձ է արվում ստեղծել խաբկանք, թե իրականում ՀԿ-ները մասնակցում են խորհրդի աշխատանքներին»։

Ինչ վերաբերում է երկու հարցերին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ դրանք իրոք հրատապություն չենթադրող հարցեր են ու ոչ էական՝ խորհրդի առաջին նիստում քննարկելու համար․ «Կային ավելի կարևոր հարցեր, դրանցից առաջինը, ինչպես նշեցի, ինչու ՔՀԿ-ներն ու ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները բոյկոտել և մաս չեն կազմել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին։ Խորհրդի առաջին նիստում հրատապ նշանակություն ուներ քննարկել և վեր հանել չմասնակցության պատճառները: Բացի այդ խորհրդի առաջին նիստում պետք է քննարկման դրվեր կառավարության և ՔՀԿ-ների մասնակցությամբ մասնագիտական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը պետք է քննարկի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի և ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկել էր խորհրդի առաջին նիստին ստեղծել այդ աշխատանքային խումբը, որտեղ կոալիցիան և ՀԵԻԱ-ն ներկայացրել էին երկու թեկնածուներ։ Սա կարևոր ու ռազմավարական հարց էր, այնինչ՝ կառավարությունը ցույց տվեց, որ հակակոռուպցիոն ոլորտի ՔՀԿ դերակատարների հետ իրական և գործընկերական համագործակցության պատրաստ չէ այս փուլում»։

Այդուհանդերձ, կոալիցիայի կողմից առկա է լուրջ գործընկերական հարաբերություններ ստեղծելու կամքը․ «Գնդակը գտնվում է կառավարության խաղադաշտում, մենք առաջարկությունները ներկայացրել ենք ու սպասում ենք, որ խորհրդի առաջիկա նիստում աշխատանքային խումբը կստեղծվի, մենք համառում ենք, որ երկրորդական հարցերը հանվեն ու գլխավորներն՝ ընդգրկվեն»,- եզրահանգեց մեր զրուցակիցը։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ