Արդյո՞ք ՀՀ-ում թույլատրվում է մարդու կլոնավորումը

Թերևս մարդու կլոնավորումը հանդիսանում է արդի զարգացած բժշկության նվաճումներից մեկը: Մասնավորապես, այն հանդիսանում է գիտական փորձարկումների արդյունք: Սակայն իրավական հարթությունում արդյո՞ք այն թույլատրելի է:

Գործող ՀՀ Սահմանադրությունն իմպերատիվորեն արգելում է անձին բժշկական, գիտական և այլ փորձերի ենթարկելն առանց անձի համաձայնության: Այսպիսի ձևակերպումը ըստ էության չի որոշակիացնում այն հանգամանքը, թե եթե անձը տվել է իր համաձայնությունը, ապա կարելի է նրան կլոնավորել:
Հավելենք, որ գործող քրեական օրենսգիրքը նույնիսկ քրեական պատասխանատվություն է սահմանում մարդուն առանց նրա համաձայնության գիտական փորձերի ենթարկելու համար:

2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է նոր իրավակարգավորումներ այս կապակցությամբ:
Այսպես նոր նախագիծն այս հարցը դիտարկում է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համատեքստում: Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նախագիծը հստակեցնում է նաև, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում, մասնավորապես, արգելվում են՝

1) եվգենիկական փորձերը.

2) մարդու մարմինը կամ նրա մասերը՝ որպես այդպիսին, շահույթի աղբյուրի դարձնելը.

3) մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Այս ամենին Նախագիծը հավելում է, որ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակորեն հայտնած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը պետք է նախօրոք տեղեկացվի նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել