Ի՞նչն է իրականում հետաքրքրում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից:

Հիշեցնենք՝ սա կառավարության կողմից ստեղծված այն մարմինն է, որի աշխատանքները բոյկոտել են Հասարակական կազմակերպությունները՝ հանձինս Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր 4 կուսակցությունները: Խորհրդի կազմում են՝ վարչապետը, գլխավոր դատախազը, ֆինանսների նախարարը և այլք:

Խորհրդի անդրանիկ նիստի օրակարգից հստակ երևում է, որ այս հարցերը անդամներին ամենևին էլ չեն անհանգստացնում, փոխարենը նիստին քննարկման են դրվել երկրորդական բնույթի հարցեր:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Ատովմյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի օրակարգը բավականին հագեցած է՝ ընդգրկված են 10 հարցեր, մի շարք հարցեր վերաբերում են խորհրդին առնչվող փաստաթղթերի հաստատմանը. «Բայց կան մի շարք հարցեր, օրինակ՝ Տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակի ներկայացում, առկա խնդիրների քննարկում, Նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման վերաբերյալ խնդիրների  քննարկում և այլն, որոնք իմ կարծիքով՝ առաջնային հրատապության խնդիրներ չեն: Չեմ ասում, որ կարևոր հարցեր չեն, բայց ոչ անդրանիկ նիստում ընդգրկելու համար»,- ասաց պարոն Ատովմյանը:

Նրա խոսքերով՝ անդրանիկ նիստում առավել կարևոր հարցեր պետք է ընդգրկված լինեին. «Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ առաջին նիստին խորհրդին մտահոգեր այն հարցը, որ ամբողջությամբ չի ձևավորվել խորհուրդը՝ չկան ՀԿ-ներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների գերակշիռ մասը բոյկոտել է խորհուրդը: Պետք էր նախ այդ հարցերը քննարկելու փորձ արվեր, հրավիրվեին հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացնող մի շարք ՀԿ-ր, քննարկվեր, թե ինչու ՀԿ-րը չեն ցանկացել անդամակցել Խորհրդին: Բացի այդ, մի շարք կազմակերպություններ շարունակաբար բարձրացնում էին բազմակողմանի մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծման մասին հարցը, որը պետք է երկու հարց քննարկի՝ ինստիտուցիոնալ կառուցակարգերի և ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքերով՝ խորհուրդը պետք է առաջնային համարեր այս հարցերը:

Ինչ վերաբերում է երկրորդական նշանակության հարցերին, ապա օրակարգից երևում է, որ երկու զեկուցումներ ներկայացնում են այն ՀԿ-ների ղեկավարները, որոնք խորհրդի անդամ չեն. «Ամենևին հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել այս հարցերը և նրանց զեկուցողները, իսկ իրավական առումով հարցը դիտարկելիս, տեսնում ենք, որ 2015թ. փետրվարի 19-ի խորհուրդը և փորձագիտական հանձնախումբը ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով ասվում է, որ խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլ անձինք: Բայց այստեղ նշված չէ, որ նրանք զեկույց ունենալու իրավունք ունեն»,- ասաց Մարատ Ատովմյանը:

Ի՞նչ է ստացվում` կառավարությունն այդպես էլ չկարողացավ խորհրդի կազմում ընդգրկել ոլորտում կարևորագույն դեր ունեցող հասարակական կազմակերպություններին, փոխարենը փորձում է շղարշ ստեղծել, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվում է խորհրդի նիստին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ