10 հազար դրամ կաշառքի դիմաց` մարիխուանա է փորձել փոխանցել դատապարտյալին

28-ամյա Նարեկն ազատազրկման է դատապարտվել  կաշառքի դիմաց դատապարտյալի համար մարիխուանա տանելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն գործի նյութերի` Նարեկն աշատել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ:  2014 թվականի մարտի 19-ի երեկոյան հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ 54-ամյա Գառնիկի հետ՝ 10.000 դրամ կաշառք ստանալու պայմանով վերջինիս կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում օժանդակելու շուրջ:

Մտադրությունն իրականացնելու համար քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով՝ 18.5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում գտնվող ցուցանակի տակ նախապես տեղադրել է «Ախթամար» անվամբ ծխախոտի տուփ, որի մեջ եղել է թմրամիջոցն ու կաշառքը` 10.000  դրամը:

Պայմանավորվածության համաձայն, 2014թ. մարտի 19-ի երեկոյան վերցրել է Նարեկ Մամիկոնյանը և անձամբ ստանալով կաշառքի գումարը, այն թմրամիջոցից առանձնացնելով՝ ամբողջը պահել է իր մոտ, իսկ հաջորդ օրը՝ մարտի 20-ին, իր հետ փոխադրել է աշխատավայրիմ «Կոշ» ՔԿՀ-ի տարածք՝ թմրամիջոցը Գառնիկին փոխանցելու նպատակով, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, մարիխուանան և 10.000 դրամը նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է:

Այս գործով կաշառք տալու փորձի և ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու փորձի համար համար ամբաստանյալի աթոռին է եղել նաև դատապարտյալ Գառնիկը, ով նախկինում երեք անգամ դատվածություն է ունեցել` առանձնապես ծանր և ոչ մեծ հանցագործություններ կատարելու համար:

Գործը քննել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատաքննության ընթացքում Նարեկն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է, իսկ Գառնիկը չի ընդունել և հայտարարել է, թե Նարեկն իրեն զրպարտում է:

Նարեկի դեպքում դատարանը պատիժ սահմանելիս որպես մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, խնամքի տակ է գտնվում անչափահաս երեխան, զղջում է կատարածի համար, ծանրածնող հանգամանքներ չկան:

Իսկ Գառնիկի դեպքում դատարանը նշել է, որ մեղմացնող հանգամանքներ չկան, իսկ  ծանրացնող հանգամանք հաշվի է առնում հանցանք կատարելու վտանգավոր ռեցիդիվը: Դատարանը Նարեկին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարով, իսկ Գառնիկին  դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

Գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստնվողների պաշտպանները. Նարեկի դեպքում պահանջ է ներկայացվել ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և պետական պաշտոններ զբաղեցնելու իրավուքնից չզրկել, իսկ Գառնիկի դեպքում պահանջվել է արդարացնել:

Վերաքննիչ դատարանում գործի քննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ