Կոռուցպիայի վիճակը Հայաստանում և արևելյան գործընկերությանմյուս երկրներում. Խնդրի վերաբերյալ նոր հետազոտություն է կատարվել «Թրանսփարենսի ինտերնեյշընլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Վ. Հոկտանյանի խոսքով` Հայաստանում և մյուս պետություններում կատարված ուսումնասիրությունների հիման վրա «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի քարտուղարությունը Բեռլինում իրականացրել է համեմատական վերլուծություն՝ վերհանելով բոլոր հինգ երկրների ընդհանուր խնդիրները:
Առաջին խնդիրը նախագահական և կիսանախագահական երկրներում գործադիր իշխանության նկատմամբ զսպումների և հակակշիռների մեխանիզմների անբավարար լինելն է: Երկրորդը՝քաղաքականացված և անարդյունավետ դատական համակարգի հետ է կապված, իսկ երրորդը՝քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումներն են:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանն էլ նշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2014 թվականի տվյալներով, Հայաստանը 174 երկրներից 94-րդ տեղն է զբաղեցնում:
Նշված կազմակերպության կողմից կատարված Արևելյան գործընկերության երկրներում կոռուպցիայի հիմնախնդիրների վերաբերյալ 2014թ. հետազոտության մեջ ասվում է, որ Հայաստանի հիմնախնդիրներից են օլիգարխների և ստվերային տնտեսության առկայությունը, հովանավորչությունը, անկախ հակակոռուպցիոն մարմնի և հաղորդում տվող անձանց պաշտպանության բացակայությունը:
Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսը համարում է, որ դատական իշխանությունը զերծ չէ գործադիր իշխանության ազդեցությունից: Հայաստանցիների միայյն 21 տոկոսն է հավատում, որ կառավարության հակակոռուպցիոն ջանքերը արդյունավետ են: ԶԼՄ-րը, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը Բարեխղճության ազգային համակարգի ամենաթույլ օղակներն են:
Մ. Ատովմյանը խոսեց նաև նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք հիմնահարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի գործում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասին:
Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ նաև վերոհիշյալ զեկույցում տրվող հանձնարարականներին. «Հանձնարարականների երկու ենթախումբ կա: Առաջինն ուղղված է երկրի կառավարություններին: Երկրորդը՝ դատական համակարգի անկախության ապահովմանը: Երրորդը՝ աջակցել ակտիվ և ազատ քաղաքացիական հասարակության կայացմանը: Շատ կարևոր են նաև միջազգային հանրությանը տրվող հանձնարարականները»:
Սակայն Մարատ Ատովմյանը կարծում է, որ չպետք է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցում տրված հանձնարարականներով սահմանափակվել, քանի որ բազմաթիվ այլանելիքներ կան: Բանախոսի կարծիքով կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ինքնին ակտիվ մասնակցի այդ խնդիրներին: «Մենք կողմնակից ենք,որ Հայաստանում աստիճանաբար սկսենք լուրջ, պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքներ` հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Մարատ Ատովմյանը:
Բանախոսի համոզմամբ` մեր երկրում ապօրինի հարստացումը քրեականացված չէ և իր կարծիքով մենք պետք է Հայաստանում սկսենք այդ ուղղությամբ լուրջ քննարկումներ և քայլեր ձեռնարկել:
Ալվարդ Հարությունյան