Դուք ուզո՞ւմ եք, որ փոխվի իրավիճակը. քննարկում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ

Այսօր Արարատի մարզում քննարկվում էր կոռուպցիան կրթության ոլորտում: Հանդիպմանը ներկա էին մի քանի դպրոցի տնօրեններ, նրանցից Զինա Հովհաննիսյանը, խոսելով խնդրի մասին, նշեց, որ դպրոցներում կոռուպցիա չկա, միաժամանակ նա հորդորեց սոցհարցումներ իրականացնել հանրության շրջանում՝ հասկանալու, թե նրանք ցանկանում են փոխել իրավիճակը.

«Բացի այդ, քանիսը կկանգնի մեր կողքին, ոչ մեկը, համոզված եղեք: Նախ գործնական բնույթ պետք է կրի այս ամենը: Տեսականորեն ինչքան էլ ասենք, ոչինչ չի տա: Պայքարում են այնքան, մինչև կարողանում են հաղթանակի հասնել»,- ասաց Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան համար 2 հիմնական դպրոցի տնօրենը:

Սեմինարին ներկա տնօրենները մեզ միաձայն հավաստիացրեցին, որ իրենց դպրոցներում կոռուպցիա չկա:

«Հիմնականում նման երևույթներ չեն հանդիպել, ես դա բացառում եմ: Նախ ընդհանուր առմամբ ղեկավարումն ու կոլեկտիվը բավականին բաց է, դեմոկրատական մթնոլորտ է տիրում»,- վստահեցրեց Արարատ քաղաքի համար 3 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը:

Ոսկետափ գյուղի հիմնական դպրոցում 304 աշակերտ կա, տնօրենը՝ Թորգոմ Պետրոսյանն ասում է, որ համայնքը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, ուստի կոռուպցիա չկա հաստատությունում. «Եթե կոռուպցիան տեղ գտնի կրթական համակարգում, դպրոցում, ապա կրթության մասին խոսք գնալ չի կարող»:

Սուրենավանում նույն պատկերն է, փոքր գյուղ, մանկավարժները հիմնականում նույն համայնքից են. «Կոմպակտ կոլեկտիվ է, միասին համախմբված աշխատում են, նույն գյուղի երեխաններն են գալիս սովորում, կոռուպցիոն ռիսկ չկա»,- ասաց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը:

Միաժամանակ դպրոցի տնօրենները համաձայնվեցին, որ ուսումնական հաստատություններում հարկավոր է հակակոռուպցիոն դասընթացներ իրականացնել: Նման փորձ եղել է Պարույր Սևակի անվան դպրոցում, որտեղ երեխաները գրել են շարադրություններ, մասնակցել են մրցույթների: Ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանի խոսքերով՝ հակակոռուպցիոն գիտելիքների հաղորդումը բավականին արդյունավետ է ազդել աշակերտների աշխարհայացքի ձևավորման վրա:

Այս մարզում վստահ են, որ խնդիրները պետք է լուծել ինչպես դպրոցահասակ երեխաների հետ աշխատանքներ տանելով, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին գիտելիքներ տրամադրելով. «Մարզում շատ խնդիրներ կան, խնդիրներ կան հենց հանրակրթական ոլորտում, բայց եթե այդ խնդիրները չեն լուծվում, երեխան, որը խնդիր ունեցող ընտանիքից գնում է դպրոց, բնականաբար այդ արատները տանում է նաև ուսումնական հաստատություն»,- ասաց Արարատի մարզում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող Տիգրան Մաթևոսյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ