Այսօր Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Հայկ Կյուրեղյանի դեմ հարուցված գործով դատաքննությունը: Հաջորդ դատական նիստին դատախազը մեղադրական ճառով հանդես կգա, իսկ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը պաշտպանական ճառ չի ասի:
Բանն այն է, որ փաստաբանը չի ծանոթացել գործի նյութերին: Թեև օրենքի պահանջով նա գործով պաշտպան է ներգրավվել, սակայն ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը նրան չի լիազորել գործի նյութերին ծանոթանալ և իրականացնել իր պաշտպանությունը: Հետևաբար, եթե պաշտպանը ծանոթ չէ գործի նյութերին, չի կարող նաև պատշաճ պաշտպանություն իրականացնել:
Այսօրվա դատական նիստին հետազոտվեցին գործում առկա փաստաթղթերը, այնուհետև դատախազի միջնորդությամբ հետազոտվեցին նաև իրեղեն ապացույց հանդիսացող ատրճանակաը, կրակված պարկուճները:
Այնուհետև դատարանը հարցրեց կողմերի դիրքորոշումը` դատաքննությունն ավարտված համարելու և վիճաբանությունների փուլ անցնելու մասին: Փաստաբան Անժելա Հոբոսյանն ասաց, թե քանի որ դատաքննության ընթացքում ամբաստանյալի պատշաճ պաշտպանությունը չի իրականացվել, ապա դատարանի մինչ այս կատարած բոլոր գործողությունները հակաօրինական են եղել: «Հակաօրինակա՞ն»,- զարմացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը: Նա նշեց նաև, որ օրենքով ներգրավվել է պաշտպան:
Նշենք նաև, որ այս դատական նիստին նույնպես Կյուրեղյանը ներկա չէր: Նրա հանդեպ կիրառվել է սանկցիա` 10 ժամով նիստերի դահլիճից հեռացնելու մասին` դատարանին չհարգելու համար: Այսօր դատավոր Ա. Բեկթաշյանն ասաց, թե 10 ժամը չի լրացել դեռևս:
Հաջորդ դատական նիստը կլինի հուլիսի 21-ին: