Հայկ Կյուրեղյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճ մտնելով, սեղանին դրեց պաստառ, որին գրված էր «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Վերաքննիչ ատյանում դատական նիստը սկսվեց և շարունակվեց նույն ոգով, ինչ առաջին ատյանում` Հայկ Կյուրեղյանը հաճախ չէր արձագանքում դատարանի նկարառումներին, նա չկանգնեց, երբ նախագահող դատավորը` Սերգեյ Չիչոյանը, նրան հորդորեց պատշաճ վերաբերմունք ցուցաբերել, ամբաստանյալը ուշադրություն չէր դարձնում հորդորներին և շարունակում էր նույն վարքագիծը:
Դատարանում պարզվեց, որ Հայկ Կյուրեղյանը այս ատյանում նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրած փաստաբանի ծառայություններից: Ամբաստանյալն ասաց, որ ֆինանսական խնդիր չկա, նա պնդեց, թե չի վստահում դատական համակարգին և գտնում է, որ իրավական որևէ գործընթաց տեղի չի ունենում, ուստի փաստաբանի ներգրավվման անհրաժեշտություն չկա:
Դատարանը լսելով ամբաստանյալին` սկսեց դատաքննությունը:
«Ես չգիտեմ, թե ինչ կորոշեն իմ մասով մանկլավիկ դատարանները, բայց ժողովուրդն իր գնահատականը տվել է»,- դատարանում ասաց ամբաստանյալը` հավելելով, որ մարդկանց սոցիալական վիճակն այնաստիճան է բարդացել, որ լավագույն պայքարի ձևը ծայրահեղ քայլերի գնալն է, ինչին ինքն է դիմել:
Դատարանին դուր չեկավ Հայկ Կյուրեղյանի որակումները` դատական ատյանի վերաբերյալ, դատավոր Չիչոյանը դիմեց նրան. «Նայի՛ դեմքիս, լսի՛ր՝ ինչ եմ ասում, խնդրում եմ անպատասխանատու խոսքեր չասել»,- ասաց նա ամբաստանյալին, իսկ վերջինս պնդեց, որ ինքը որևէ սխալ արտահայտություն չի արել:
Խոսելով բողոքի մասին Հայկ Կյուրեղյանը նշեց, որ ինքը ամենևին համաձայն չէ մեղադրանքի հետ, խնդրում է իրեն արդարացնել:
Մեղադրողը ասաց, որ բողոքն անհիմն է, խնդրեց այն մերժել, նաև ասաց, որ պատժաչափը ողջամիտ է:
Այսքանով դատաքննությունն ավարտվեց, այն տևեց 1 ժամ: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ հայտարարելով, որ որոշումը կհրապարակի այսօր, իսկ թե երբ՝ դատարանը ոչ մի ժամ չնշեց: Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը՝ մերժելով կողմի բերված բողոքը:
Նշենք, որ առաջին ատյանի դատավճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման:
Գ.Թ.