Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պատրաստ եմ ատոմային ռումբ նետել այն ոստիկանի գլխին, ով կխանգարի պաշտպանել արդարությունը. Հայկ Կյուրեղյան

31-ամյա Հայկ Կյուրեղյանն այսօր դատարանի դահլիճ բերվեց` ցուցմուքն տալու համար, թեև նրա հանդեպ սանկցիա է կիրառված դահլիճից 10 ժամ հեռացված լինելու ձևով: Կյուրեղյանին նիստերի դահլիճում հավաքվածները ծափերով դիմավորեցին, այնուհետև որպիսությունը հարցրեցին:

Դատարանում Հայկը նախ հայտարարեց, որ ուզում է հասկանալ, թե ինչու է դատարանն իրեն պարտադրում պաշտպան ունենալ: Դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայտնեց, որ դա իր իրավունքն է և չկա որևէ պարտադրանք: Այնուհետև Հայկ Կյուրեղյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպան ունենալուց: Գործով պաշտպան ներգրավված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը հաջողություն մաղթեց Հայկին և հեռացավ նիստերի դահլիճից:

Այնուհետև դատարանի հարցին, թե արդյո՞ք ցանկանում է ցուցմունք տալ, Հայկը պատասխանեց, թե իրեն առաջադրված մեղադրանքում իր համար անհասկանելի հատված կա: Մասնավորապես նա ընթերցեց «իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով» արտահայտությունը և ասաց, որ անհասկանալի է, թե ում հանդեպ է իր գերակայությունն ի ցույց դրվել:

Մեղադրող դատախազը բացատրեց, որ դա իր կատարած արարքի նկարագրությունն է, որը սահմանվում է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածով: Ամբաստանյալը սակայն հայտարարեց, որ համարում է, թե իր հարցին դատախազը չի պատասխանել, ինչին ի պատասխան էլ, մեղադրողը ասաց, որ այդ դեպքում կարող է խնդրել դատարանին, որ իրեն պաշտպան տրամադրվի, ով էլ կբացատրի այդ նրբությունները:

Հայկը չհրաժարվեց ցուցմունքներ տալ և պատասխանեց մեղադրողի հարցերին: Մասնավորապես ընդունեց, որ իր գերակայությունն ի ցույց է դրել միայն ոստիկանների հանդեպ և ճշգրտեց պատասխանը. «Ոչ թե իմ, այլ ՀՀ ազնիվ քաղաքացու գերակայությունը` անարդարությունը պաշտպանող ոստիկանների հանդեպ»: Նրա հարցաքննությունից հասկանալի էր նաև, որ անարդարություն ասելով մասնավորապես նկատի է ունեցել Շանթի և ընկերների գործի քննությունը:

Ինչ վերաբերում է մեղադրանքի այն մասին, թե նա սպառնացել է ձեռքի եղած առարկայով պայթեցնել ավտոմեքենան, ամբաստանյալն ասաց. «Ասել եմ, բայց չեմ պայթեցրել: Ինչո՞վ պիտի պայթեցնեի, սղոց դանակո՞վ»:

Գործով տուժող ոստիկան Աբելյանի այն հարցին, թե երբ 10-12 կրակոց է արձակելիս եղել, արդյո՞ք չի մտածել, որ կարող էր նաև հասարակ մեկին վնասել, ամբաստանյալը պատասխանեց. «Ես վստահ էի, որ ոչ ոք չի կարող վնասվել»:

Ոստիկան Աբելյանի այն մյուս հարցին, թե երբ մեքենայի վրա կանգնած 1-1.5 մետր հեռավորությունից իր գլխի ուղղությամբ պահել էր ատրճանակը, արդյո՞ք տրամադրված էր կրակել, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Ցանկացած ոստիկանի, ով ինձ թույլ չի տա պաշտպանել արդարությունը, պատրաստ եմ ոչ միայն կրակել, այլև ատոմային ռումբ գցել գլխին»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, որ վնասել է քաղաքացու ավտոմեքենան, որի տանիքին բարձրացած է եղել, Հայկն ասաց, որ պատրաստ է հատուցել, սակայն չի հիշում, թե մեքենան վնասել է:

Հարցաքննության ավարտից հետո Հայկ Կյուրեղյանը նորից հեռացվեց նիստերի դահլիճից, քանի որ ինչպես նախորդ այս նիստի ժամանակ էլ չէր հարգում դատարանին` նրան ողջունեց նստած և նրան դիմելիս էլ ոտքի չէր կանգնում:

Դատական նիստն էլ սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով և մի քանի անգամ ընդմիջում հայտարարվեց: Նախ դատարանում տեղից ռեպլիկ թողնելու համար դուրս հրավիրվեց մի քաղաքացի, այնուհետև հայտարարված 5 րոպեանոց ընդմիջումից հետո նիստերի դահլիճ թույլատրվեց մտնել միայն լրագրողներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտորդներին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել