Հայկ Կյուրեղյանը 2014թ-ի հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի դրսևորել է անհնազանդ վարքագիծ, նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և վնասվածքներ հասցրել նրանց: Այսօր մեղադրական ճառով հանդես գալով նշեց մեղադրող Հարություն Սարգսյանը:
Նա մեջբերեց ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողների ու վկաների ցուցմունքներից հատվածներ:
Մասնավորապես հղում անելով Հայկ Կյուրեղյանի խոսքերին, նա ասաց, որ դատավորին պատասխանելով ամբաստանյալն ասել է, թե իր գործողություններն ուղղված են եղել ոստիկանների դեմ: Մեղադրողը նշեց, որ Կյուրեղյանն ունեցել է խանգարելու սցենար, որի մեջ ներգրավված է եղել ոստիկաններին վնասելու նպատակը:
Այնուհետև անդրադարձավ տուժող ոստիկանների ցուցմունքներին: Դրանցից պարզ դարձավ, որ Հայկ Կյուրեղյանը բարձրացել է « Mitsubishi pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վրա, սպառնացել է ձեռքի պլաստմասե իրով պայթեցնել այն ու իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, այդ թվում` կրակել է ոստիկաններից մեկի ճակատի և կին ծառայողի վրա:
Նա ասել է, որ մեքենայի տակ ռումբ է տեղադրված ու այն կպայթեցնի, րոպեներ անց նա սայթաքել է և ընկել մեքենայի թափքի վրա, իսկ ոստիկանները նրան չեզոքացրել են:
Հարություն Սարգսյանը ապացուցված համարեց ամբաստանյալին մեղսագրված արարքը: Միջնորդեց նրան մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Դատական վիճաբանությունների փուլին ամբաստանյալը կրկին բացակայում էր. առաջին դատական նիստին նրա նկատմամբ կիրառվել էր դատական սանկցիա` 10 ժամով արգելվեր էր նիստին նրա մասնակցությունը:
Դատավճիռը՝ սեպտեմբերի 11-ին կհրապարակվի: