«Եթե նոտարի թուղթ է` խնդիր չունեմ»

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի կարծիքով՝ պետք է փոխել մարդկանց մոտ ձևավորված այդ կարծիքը:

 

Մշակվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ: Մինչ նոր խմբագրությամբ օրենքի ընդունումը՝ Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր «Նոտարական համակարգի զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկում:

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը պատասխանում է iravaban.net-ի հարցերին:

 

-Ո՞րքանով է տարբերվելու «Նոտարիատի մասին»  նոր խմբագրությամբ ՀՀ օրենքի նախագիծը գործող օրենքից:

Հիմա մշակվող այս նախագիծը զգալիորեն փոփոխում է գործող օրենքը: 2001թ-ից Նոտարիատի ոլորտում տեղի  ունեցած բարեփոխումները մինչև վերջ չեն արվել` հաշվի առնելով այն ժամանակվա սոցիալ-տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները և այլն: Հիմա նպատակ ունենք ամբողջական գործող լատինական նոտարիատի համակարգի ունենալ: Ինչը կնախատեսի նոտարի ամբողջական պատասխանատվություն, քանի որ հիմա որոշակիորեն սահմանափակ է պատասխանատվությունը: Նոտարի մոտ մեկ պատուհանի սկզբունքով ծառայութ­յունների մատուցում: Կստեղծի իրավական հիմքեր էլեկտրոնային նոտարական համակարգի գործարկման համար, որի տեխնիկական աշխատանքներն արդեն կատարվում են: Կկարգավորվի նոտարի գրասենյակի աշխատողների, նոտարի գրա­սենյակի հասկացողությունների ընթացակարգերը: Կմշակվի նոտարի նշանակման նոր կառուցակարգը, ժառանգության իրավունքի իրականացման որոշակի առանձնահատկություններ և այլ հարցեր:

 

-Ի՞նչ են տալիս օրենքի վերաբերյալ նման սեմինար-քննարկումները:

Քննարկումները երկու դրական կողմ ունեն: Օրենքներ մշակելիս մենք չենք կարող ելնել այն հանգամանքից, որ մենք ամենախելոքն ենք և գիտենք ամենաճիշտ լուծումները: Քննարկումների ժամանակ հաճախ հնարավորություն ենք ունենում վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնց մասին միգուցե մենք չենք կասկածել, որոնց մասին չենք ենթադրել, որ տվյալ կառուցակարգը խնդիր է առաջացնում որոշակի մարդկանց համար:

Սեմինար-քննարկումների միջոցով որոշակի իրազեկում ենք հանրությանը` ինչ փոփոխություններ ենք նախատեսում, ինչ փոփոխություններ պետք է ակնկալել: Երբ այս սեմինար-քննարկումներից հետո նորից կվերամշակվի օրենքը, կլինեն նաև հանրային քննարկումներ և, դրա արդյունքում, կունենանք և՛ օրենքն ավելի լավ մշակված, և՛ հանրությունը ավելի պատրաստ ու ծանոթ այդ օրենքին:

 

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել