Արդյո՞ք էլէներգիայի գնի թանկացման պատճառը կոռուպցիոն դրևսորումները չեն եղել. պետք է աուդիտ անցկացվի և փարատվեն կասկածները

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ ցուցարարներին բռնի ուժի գործադրմամբ ցրելն ու բերման ենթարկելը  իրավաչափ չէ և ոտնահարել է քաղաքացիների խաղաղ հավաքվեր անցկացնելու իրավունքը, որն ամրագրվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:

«Պետք է փաստել, որ, առհասարակ, ջրցան մեքենայի օգտագործումը նույնպես մի շարք օրենքներով ամրագրված պահանջների խախտմամբ է եղել` «Ոստիկանության մասին», «Ոստիկանության ծառայութան մասին» օրենքները, Ոստիկանության էթիկայի կանոնները, քանզի ցուցարարների շարքում եղել են նաև անչափահաս երեխաներ»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ այս դեպքում ակնհայտ է, որ խախտվել է Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված անձանց խաղաղ հավաքների իրականացման ազատությունը:

«Նույնիսկ ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի կայացված մի շարք որոշումներում՝ «Գալստյանն ընդդեմ Հայաստանի», «Սափեյանն ընդդեմ Հայաստանի», «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի», նշվում է, որ միջամտության առկայությունը պարզվում է հետևյալ երեք հարցերի միջոցով` արդյո՞ք միջամտությունը եղել է օրենքով նախատեսված, արդյո՞ք հետապնդել է իրավաչափ նպատակ և արդյո՞ք եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում այդ նպատակներին հասնելու համար»,- Ա. Վարդանյանի խոսքով` կատարվածն ու չափանիշները համեմատոլվ` գալիս ենք եզրահանգման, որ իսկապես խախտվել են խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

Ա. Վարդանյանն անդրադարձավ նաև հասարակական ընդվզման պատճառներին: Իշխանությունները չեն կարողանում հավաստի փաստեր ներկայացնել` հիմնավորելով սակագնի թանկացումը, մինչդեռ բազմաթիվ են հրապարակումները Հայաստանի էլեկտրացանցերի կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու վերաբերյալ:

«Կարելի է իրականցնել մեկ աուդիտ ՀԷՑ-ում և քաղաքացիներին տալ պատճառաբանված պատասխան: Աուդիտի արդյունքում կփարատվեն կամ կհերքվեն կոռուպցիոն ռիսկերի առկայության վերաբերյալ առկա բոլոր կասկածները: Մինչդեռ ստեղծված իրավիճակում բաց է մնում էլեկտրաէներգիայի թանկացման արդարացիությունը»,- ասաց Ա. Վարդանյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ