Քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիան անընդունելի է համարում սույն թվականի հունիսի 23-ին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժը և հավաքը դադարեցնելուն ուղղված ոչ իրավաչափ գործողությունները:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված խաղաղ հավաքների շարքը հետևանքն է ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների, որը հանգեցրել է էլեկտրոէներգիայի գների չհիմնավարված թանկացման:
Իրավապահ մարմինները պարտավոր են քրեական գործ հարուցել ու ապահովել հրապարակային և օբյեկտիվ քննություն ՀԷՑ-ի գործողություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների գործով (այս մասին մի շարք հրապարակումներ ու տեսակետներ են հնչել ԶԼՄ-երում և պաշտոնատար անձանց կողմից), այլ ոչ թե ոչ իրավաչափ և անհամաչափ գործողություններ ձեռնարկել ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարման, կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների դեմ պայքարող քաղաքացիական հասարակության նկատմամբ:
Հաշվի առնելով վերը նշվածը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ իշխանություններից պահանջում է.
• քրեական գործ հարուցել և ապահովել ՀԷՑ-ի գործողություններում կոռուպցիոն ռիսկերի ու դրսևորումների գործով հրապարակային և օբյեկտիվ քննություն
• անցկացնել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման օբյեկտիվ և թափանցիկ քննություն:
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա