Սփյուռքի նախարարի գործուղման ճանապարհածախսը կազմել է 3 մլն դրամ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մայիսի 1-3-ը գործուղվել է Կանադա` Մոնրեալ:  Եվ այդ գործուղման միայն ճանապարհածախսը կազմել է շուրջ 3 միլիոն դրամ. նախարարը գործողման մեկնել և վերադարձել է «բիզնես» կարգի տոմսերով: Ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Վինգս ընդ Վիլս» ընկերության հետ հունիսի 17-ին` գործուղման ավարտից հետո:New Picture (24)

Նշենք, որ ավելի վաղ Իրավաբան.net-ն անդրադարձել էր այս հարցին. չկա որևէ կարգ, որի համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաները պետք կամ գոնե ցանկալի է, որ գործուղումների մեկնեն հատուկ պայմաններով: Կառավարությունից մեզ պատասխանել էին, որ գործուղվող անձի պաշտոնով պայմանավորված գործուղման ծախսերի տարբերակում, մասնավորապես, ինքնաթիռով ուղևորության դեպքերի համար, ՀՀ գործող օրենսդրությամբ չի նախատեսվում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ Քարլ Ուլբրիխտը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ «բիզնես» կարգի տոմսի ձեռքբերումը կարող է նաև օբյեկտիվ պատճառ ունենալ. օրինակ եթե գործուղման վերաբերյալ որոշումը ուշ է եղել և ավելի մատչելի գնով տոմսեր չեն եղել:

Սակայն, փորձագետի խոսքով, նման դեպքերում պետք է հաշվի առնել նաև պետության ֆինանսական միջոցներն ու հնարավորությունները. «Եթե հարուստ պետություն է, ապա խնդիր չի լինի: Այս դեպքում պետք է հասկանալ, թե այս ոլորտում ծախսերը որքա՞ն են և արդյո՞ք ավելացել են, թե`ոչ: Վարչապետը օրեր առաջ հայտարարել էր, որ պետք է կրճատվեն գործուղումները»:

Արտաքին գործերի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Հրանուշ Հակոբյանն իր գործուղման ընթացքում այցելել է մի քանի հայկական ուսումնական հաստատություններ, մասնակցել միջոցառումների , որոնց ժամանակ շնորհակալություն հայտնել Կանադայի պաշտոնյաներին` Ցեղասպանության ճանաչման ուղի հարթելու, հայերի համար ակտիվ համայնքային գործունեություն իրականացնելու պայմաներ ապահովելու համար: Սակայն չկա որևէ խոսք համագործակցության, կոնկրետ քայլեր կատարելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ