755 միլիոն դրամ կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Իրավաբան.net-ն անդրադարձել էր այն հարցին, որ գնված բնակարանները, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները սեփականության իրավունքով հանձնել են իրենց աշխատակիցներին` գրեթե առանց նախապայմանի: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գնված 28 բնակարաններից 16-ը «Երազ» թաղամասում են և գնվել են «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գլոբալ առումով պետությունը պետք է միջոցներ հատկացնի նաև իր ծառայողների սոցիալական ապահովության համար, քանի որ նրանք, այդ ծառայությանն անցնելով, իրենց մի շարք իրավունքներ զիջում են և դա ինչ-որ չափով պետք է կոմպենսացվի: Դա նորմալ է և նաև երաշխիք է, որ պետական աշխատողները կլինեն անկողմնակալ և անաչառ: Պետությունը կարող է նաև իր միջոցները ուղղել մասնավոր սեկտորի զարգացմանը:
«Դա պետք է արվի թափանցիկ, արդարության սկզբունքներից ելնելով, կասկած չպիտի հարուցի, որ մասնավոր ընկերության սեփականտերը կամ թիկունքում կանգնած է այսինչ պաշտոնյան: Եվ իր կառուցած շենքերը վաճառելու, իր փողը ետ բերելու համար է նախաձեռնել այդ շղարշը` պետական պաշտոնյաների բնականային պայմանների ապահովում և այլն»,- ասաց Ա. Զեյնալյանը:
Հիշեցնենք սակայն, որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնակարանները սեփականության իրավունքով հատկացվել էին այնպիսի անձնաց, ովքեր տվյալ համակարգում երկարատև աշխատանքային փորձ էլ չեն ունեցել, նաև այնպիսի պաշտոնյայի համար, ով արդեն իսկ բնակարան է ունեցել: