Հաղթանակ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով. ՄԻԵԴ նոր որոշում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն այսօր հրապարակել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործով վճիռներ, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի ոտնահարումներին:

Առաջին գործով գանգատաբերը եղել է Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքը, երկրորդ գործով Սարգսյանների ընտանիքը` ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գյուլիստան գյուղից: Այս երկու ընտանիքներն էլ իրենց տներից դուրս են եկել 1992-1994 թվականներին` պատերազմի հետևանքով: Իսկ պատերազմի ավարտից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալու և տնօրինելու իրենց սեփականությունը: Երկու ընտանիքներն էլ պահանջել էին վերականգնել իրենց խախտված  սեփականության իրավունքը:

ՄԻԵԴ-ը երկու ընտանիքների ներկայացրած պահանջներն էլ բավարարել է,  և համապատասխանաբար Ադրբեջանին ու Հայաստանին պարտավորեցրել է քայլեր ձեռնարկել` խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ: Դատարանը սահմանել է նաև, որ այս վճռի կատարումը կհետաձգվի  վճռի հրապարակումից 12 ամսով: Նաև չի սահմանել փոխահատուցման չափեր` նշելով, որ  դրանց չափի վերաբերյալ կողմերը համաձայնությանպիտի գան բանակցելու միջոցով: Նշվում է, որ Չիրագովները որպես փոխահատուցում նշել են 7,9 միլիոն եվրո, Սարգսյանները` 570 հազար եվրո:

Որոշման մեջ նշվում է նաև, որ սույն որոշումը ուղենշային է լինելու` խնդրին առնչվող այլ գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու դեպքում: Նշենք նաև, որ այս գործով հատուկ կարծիք են ներկայացրել ՄԻԵԴ 5 դատավոր, որից մեկը Հայաստանը ներկայացնող Ալվինա Գյուլումյանն է եղել:

Այս վճիռը, ինչպեսև ՄԻԵԴ Մեծ պալատի մյուս բոլոր վճիռները բեկանման ենթակա չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել