Բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուն խախտում է աշխատողի իրավունքները. Թևան Պողոսյան

Մեր աշխատանքային օրենսգրքում հարկավոր է անդրադարձ կատարել օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքային իրավունք տրամադրելու հարցում:

Այսօր ԱԺ-ում նշեց պատգամավոր Թևան Պողոսյանը. «Դա ազգային անվտանգության խնդիր է և նաև պրակտիկայի: Քիչ չեն եղել դեպքերը՝ սկսած Արմենթելի տնօրենից, երբ ժամանակին հունական կազմակերպությունը Հունաստանից մարդ էր ներկայացնում և վատ մենեջմենթ էր տանում, դրա հետ միասին այսօրվա դրությամբ նույն Բիբինի պահվածքից, եղել են դեպքեր նույն Բիլայնում կողոպուտների ու փախուստների խնդիրներ»,- հիշատակեց պարոն Պողոսյանը՝ ասելով, որ ժամանակն է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելիս անպայման այս խնդրին անդրադառնալ:

Բացի այդ Թևան Պողոսյանն նաև կարծիք հայտնեց, որ նմանաբնույթ կարճ քննարկումները խնդիրներ կառաջացնեն հետագայում. «Վստահ եմ, որ բուն աշխատողները տեղյակ չեն փոփոխություններից, միշտ ունենալու են հարցեր, եկեք կազմակերպենք մի շարք լսումներ և քննարկումներ, որ ցանկացած աշխատող պատկերացնի ինչ է իրեն սպասվում: Դրա հետ միասին բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալու: Հետևողական քարոզարշավ պետք է ընթանա»,- ասաց պատգամավորը:

Նա նաև առանձնացրեց երրորդ խնդիրը՝ ըստ պատգամավորի բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուները խախտում են աշխատողների իրավունքները. «Մենք իսկապես ունենք պրոբլեմ, այստեղ համակարգային խնդիր է, այստեղ մարդկային ճակատագրերի հետ ենք աշխատում, ինչ-որ ինստիտուտ պետք է լինի, որտեղ այս խնդիրները կլուծվեն»,- նշեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել