Գորիսի «Սդղի գյոլ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել և հետախուզում սկսվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքները, միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն են ունեցել նաև ՀՀ քաղաքացիներ Շ.Դավթյանը և Մ.Խաչատրյանը։

Հունիսին 13-ին Շ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մ.Զաքարյանին խմբի կողմից միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քաղաքացիներ Դ.Հակոբյանին և Յ.Մանուչարյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների և կայացված դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել