Մեղադրվում է կենսաթոշակներից և նպաստներից 14 մլն դրամ յուրացնելու մեջ

38-ամյա Մարի Գևորգյանին մեղադրանք է առաջադրված կենսաթոշակների և նպաստների գումարներից մոտ 14 միլիոն դրամ յուրացնելու համար: Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության, Մարի Գևորգյանը, աշխատելով Երևանի թիվ 0065 փոստային բաժանմունքում որպես ավագ օպերատոր, կենսաթոշակառուներին և նպաստառուներին հանձնելու համար իրեն վստահված գումարներից 2013 թվականի փետրվար ամսից մինչև 2014 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում յուրացրել է 13.759.393 ՀՀ դրամ գումար` « Հայփոստ»-ին պատճառելով գույքային վնաս:

Ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ