Կարո՞ղ է քրեական գործ հարուցվել ՀԷՑ-ում կատարված ենթադրյալ հանցագործությունների առիթով

Երբ մենք խոսում ենք Հայաստանի էլեկտրական ցանցերում կատարված ենթադրյալ հանցանքի կատարման մասին, ապա պետք է նկատի ունենանք և հաշվի առնենք այն հանգամանքը, որ քրեական օրենքով չթույլատրված արարքի, այն է` հանցագործության կատարման փաստը պարզելու իրավասությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ դատավարական ընթացակարգը սահմանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։

Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում, մասնավորապես ՍԴՈ 1191 որոշմամբ նշել է, որ գործող քրեական դատավարության օրենսգիրքը կոչված է երաշխիք հանդիսանալու հանրային իրավական այնպիսի կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար, որպիսիք անմիջականորեն բխում են ՀՀ Սահմանադրության դրույթներից, իսկ այդ խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն դրանց նորմատիվ հաստատագրում, այլ նաև իրավական համապատասխան ընթացակարգերի և վերջիններիս իրականացման բավարար ու անհրաժեշտ պայմանների երաշխավորում։ Հավելեմ, որ երևի թե էլեկտրաէներգիայի թանկացումը և դրա հետ փոխկապակցված ենթադրյալ հանցանքի կատարման մասին տեղեկությունների իսկության պարզումը ներկայումս հանդիսանում են հանրային իրավական կարևորագույն խնդիրներից մեկը, եթե ոչ ամենակարևորը։

Ելնելով Սահմանադրական դատարանի նշածս իրավական դիրքորոշումից իրազեկեմ, որ մեր քրեական դատավարության օրենսգիրքը հանցագործության կատարման փաստը պարզելու համար իրավական համապատասխան ընթացակարգի շրջանակներում սահմանում է քրեական գործի հարուցման 2 անհրաժեշտ պայման, այն է` քրեական գործի հարուցման առիթ և հիմք։

Այժմ, ԶԼՄ–ը ողողված են տարատեսակ ու տարաբնույթ ինֆորմացիայով` վերաբերվող Հայաստանի էլեկտրական ցանցերում կատարված ենթադրյալ հանցագործությանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ըստ էության կարող ենք փաստել, որ դա հանդիսանում է արդեն իսկ քրեական գործի հարուցման առիթ` հանցագործության մասին հաղորդման տեսքով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ԶԼՄ–ի կողմից քրեական գործի հարուցման հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեօռուստատեսությամբ տրված։

Ինչ վերաբերում է հիմքերին, ապա դրանք հանդիսանում են ենթադրյալ հանցանքի կատարման հատկանիշները, որոնք իրենց արտահայտություն են գտել տրված հաղորդման մեջ։

Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության խնդիրների շարքին է դասվում անձի, հասարակության, պետության պաշտպանությունը հանցագործություններից, իսկ այդ խնդրի լուծումն ապահովում են քրեական հետապնդման մարմինները, բացի այդ հաշվի առնելով նաև այն հանգամանքը որ վերջիններիս ուղղակիորեն պարտականությունն է հանդիսանում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում նախաձեռնել քրեական վարույթ, ապա պետք է փաստենք, որ ներկայումս հարուցված քրեական գործի բացակայությունը վկայում այն մասին, որ քրեական հետապնդման մարմինները բավարար հիմքեր չեն տեսնում քրեական գործի հարուցման համար։

Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել