Դպրոցականներին հակակոռուպցիոն գիտելիքներ փոխանցել միանշանակ պետք է: Փոխանցեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի ազգային փորձագետ, ՀԵԻԱ վարչույթան անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:
«Ցավոք սրտի մեր կրթական համակարգի էական բացթողումներից այն է, որ կրթական՝ հատկապես հանրակրթական համակարգը տարբեր գիտությունների հետ կապված՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա և այլն գիտելիքներ տալիս է, բայց չի դաստիարակում մեր երեխաներից քաղաքացիներ, որոնք հարգում են և տեղյակ են սահմանադրությունից, իրենց իրավունքների պաշտպանության միջոցներից, ճանապարհային երթևեկության կանոններից, սիրում են բնությունը, իրենց երկրի հողն ու ջուրը և ունեն հակակոռուպցիոն գիտելիքներ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հասարակագիտություն առարկայի շրջանակներում փորձ է կատարում դպրոցականներին հրամցնել կոռուպցիայի մասին տեղեկատվություն, սակայն սա խիստ անբավարար է. «Մի առարկայի շրջանակներում հպանցիկ այդ առարկային անդրադառնալը անբավարար է, որովհետև տարբեր մեթոդներ կան երեխաներին իրենց տարիքին համապատասխան հակակոռուպցիոն գիտելիքների հաղորդման»:
Ըստ փաստաբանի՝ այս գիտելիքները կարող են մատուցվել համակարգչային խաղերի և հակակոռուպցիոն շարադրությունների, նկարչական մրցույթների և բեմականացումների միջոցով:
Ինչ վերաբերում է բուհերին, ապա Մարատ Ատովմյանի խոսքերով՝ որոշ համալսարաններում կան հակակոռուպցիոն դասընթացներ, սակայն ոչ բոլոր. «Ցան կալի կլիներ, որ բոլոր բուհերում՝ ըստ ուղղվածության լինեին նաև հակակոռուպցիոն դասընթացներ»,- նշեց մեր զրուցակիցը: