Եթե վստահություն ու մասնակցություն չլինի, մենք չենք կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ. Սուրեն Քրմոյան

Ի՞նչ է փոխվել արդարադատության նախարարության մեկ տարվա արդյունքում՝ կոռուպցիայի դեմ: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշում է, որ դրական առջընթաց կա, սակայն այս արդյունքներն անգամ կառավարությանը չեն բավարարում: Կոռուպցիայի դեմ պայարի մասին է մեր հարցազրույցը:

– Պարոն Քրմոյան, խնդրում եմ հետհայացք նետել՝ հասկանալու, թե ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում:

– Նախ արձանագրեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս արդյունքները չեն գոհացնում՝ թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը, և թե՛ մեր քաղաքացիներին, այսինքն՝ մենք այստեղ լուրջ խնդիրներ ու անելիքներ ունենք: Այս հարցում լուրջ ձեռքբերում է, որ կառավարությունը բացեիբաց խոսում է խնդիրների մասին, արձանագրում դրանք: Նախորդ տարում որպես կարևորագույն ձեռքբերում կնշեմ այն, որ մենք ակտիվորեն աշխատել ենք միջազգային կառույցների և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև փորձել ենք գործարար ոլորտի ներկայացնողներին ներգրավվել: Մեր նվաճումներից է, որ ՀԿ-ների և քաղաքացիների ձայնը լսելի է դարձել կառավարությանը: Իհարկե, այստեղ կքննադատեն մեզ, որ ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել կառավարության կողմից, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, այո՛: Սակայն եկեք փաստենք, որ բոլոր հարցերը, որ ՀԿ-ները բարձրացրել են այս կամ այն ձևով արտացոլումն են գտել: Բացի նրանից, որ ՀԿ-ները պետք է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդգրկվեն մրցույթային կարգով, նաև բազմաթիվ հարցեր, որոնք բարձրացնում էր ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրենց արտահայտումն են գտել ռազմավարության մեջ:

– Մասնավորապե՞ս:

– Մշտապես խոսվում է մասնագիտական հակակոռուպցիոն մարմնի մասին, մենք հակադարձում ենք, որ մենք ունենք հայեցակարգ, որտեղ հստակ սահմանված է ինստիտուցիոնալ համակարգը: Այդուհանդերձ ռազմավարության մեջ մենք ամրագրել ենք, որ ռազմավարության գործողության տարիներին պետք է վերլուծություն կատարվի ինստիտուցիոնալ համակարգի, իսկ անհրաժեշտության դեպքում իրավական ակտերում փոփոխություն կատարվեն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ, որը ենթադրում է, որ կարող է նաև քննարկվել անկախ հակակոռուպցիոն մարմնի գաղափարը ռազմավարությունում: Երկրորդ խնդիրը, որ կա, ապօրինի հարստացումն է, նույնպես արձանագրվել է, որ համապատասխան վերլուծություններ պետք է կատարվեն և օրենսդրական առաջարկություններ ներկայացվեն: Արդեն իսկ իրենց լուծումն է ստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հարցը, առնվազն վարչական պատասխանատվություն կունենան կոռուպցիոն հանցագործությունների համար, բայց այդուհանդերձ նոր քրեական օրենսգրքի մշակման աշխատանքային հանձնաժողովի հետ քննարկում ենք հնարավորությունը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կոռուպցիոն բնույթի հանցագործության համար:

– ՀԿ-ները նաև շեշտում էին, որ պետք է լրացուցիչ ոլորտներ ընդգրկվեն ռազմավարությունում:

– Մենք այդ առաջարկությունը նույնպես մասնակիորեն ընդունել ենք, մասնավորապես ոչ թե հստակ գրել ենք, թե որ ոլորտն է ընդգրկվելու, այլ ամրագրել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պարբերաբար իր հանդիպումների ընթացքում պետք է քննարկի, թե ինչ լրացուցիչ ոլորտ է հարկավոր ընդգրկել: Հակակոռուպցիոն խորհրդի ժողովի ժամանակ առաջարկություններ հնչեց սոցիալական ոլորտը ներգավվել, մենք շեշտեցինք, որ եթե ՔՀԿ ներկայացուցիչները համապատասխան վերլուծություններ կտրամադրեն, մենք պատրաստ ենք քննարկել հարցը:

– Ինչ է իրականացվում հակակոռուպցիոն կրթության ոլորտում:

– Մենք մեծածավալ ծրագրեր ենք իրականացնելու, ԵԽ-ն մեզ այս հարցում օգնելու է: Բացի այդ, մի քանի օր առաջ մենք Էթիկայի հանձնաժողովի հետ կնքեցինք համաձայնագիր:

– Ի դեպ, էթիկայի հանձնաժողովը այն մարմինն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի վարույթ չի հարուցել, իսկ իր ստեղծման օրվանից՝ 2012թ.-ից առ այսօր ընդամենը 4 վարույթ է հարուցել: Այս տեմպերով հնարավո՞ր է պայքարել կոռուպցիայի դեմ:

– Հանձնաժողովը պետք է գործիք ունենա և հիմնավորված վարույթներ իրականացնի: Այս պահից սկսած կառավարությունն այդ հնարավորությունը տվել է հանձնաժողովին: Կարծում եմ՝ պետք չէ քննադատել հանձնաժողովին, որովհետև օբյեկտիվ պատճառներ կային՝ հանձնաժողովը չուներ գործիքներ, ներկայումս դրանք կան:

– Անդրադառնանք հակակոռուպցիոն ռազմավարությանը: Խոսենք ժամկետներից:

– Կարծում եմ, որ մոտակա մեկ երկու շաբաթների ընթացքում ռազմավարությունը խորհրդի կողմից կքննարկվի: Մենք բաց ենք, քանի դեռ ռազմավարությունը կայքում տեղադրված է, քանի դեռ խորհրդի կազմում չի քննարկվել մոտակա շաբաթվա ընթացքում սպասում ենք կառուցողական առաջարկների:

– Ի՞նչ է իրականացվում արդարադատության ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ:

– Այս ոլորտում կոռուպցիայի ռիսկերի նվազեցման գործիք դիտում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների ներդնումը: Ներկայիս համակարգը բավականաչափ մեծ հնարավորություն է տալիս քաղաքացիներին իր մասին տեղեկատվություն ստանալ, ծանուցումներ ստանալ ուղղությամբ: Արդարադատության ոլորտում էլեկտրոնային ռեգիստրի համակարգն ենք իրագործում, բացի այդ քրեակատարողական համակարգում արդիականացում ենք իրականացնում: Մենք այս տարի գործարկելու ենք զանգերի կենտրոնը, որը հնարավորություն է տալիս առկա խնդիրներով զանգ կատարել, բոլոր զանգերը ձայանագրվելու են ու լուծումներ են տրվելու խնդիրներին:

– Ի՞նչ աշխատանքներ են տարվում տեղեկատվության ազատության ապահովման ուղղությամբ:

Մենք բավականին ակտիվ աշխատում ենք Ինֆորմատիկայի ազատության կենտրոնի հետ տեղեկատվության ազատության ոլորտում: Մենք արդեն վերջնականացրել ենք այն կառավարության որոշումը, որը կանոնակարգում է տեղեկատվությունների հավաքագրման, էլեկտրոնայի հարցումների կատարման հետ կապված հարաբերությունները:

– Իսկ ի՞նչ կտա այս նախագիծը մեզ՝ լրագրողներիս:

Այն հարցերը, որոնք ԻԱԿ-ը բարձրացրել է, լուծում են գտել:

– Դրանցից մեկը պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներին տրված ոչ լիարժեք պատասխաններն են:

– Հենց դրա հետ կապված մենք հստակ դրույթ ենք սահմանել, որ պատասխանները պետք է լինեն ամբողջական և լիարժեք, ու բացել ենք, թե ինչ է դա նշանակում՝ բոլոր առաջադրված հարցերին բովանդակային պատասխաններ պետք է տրվեն՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտերին, ոչ թե հայեցողությամբ պատասխանեն: Բացի դրանից մենք կարգավորել ենք վճարների գանձման հետ կապված հարաբերությունները, էլեկտրոնային հարցումների ոլորտն է կարգավորվել: Բոլոր պետական մարմիններում նշանակվել են կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուներ:

– Հակակոռուպցիոն պայքարում մեծ դեր ունի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Ըստ էության՝ ՀԿ-ները ցանկություն չեն հայտնել ընդգրկվել խորհրդում:

Մենք մրցույթային կարգ սահմանեցինք, սակայն ՀԿ-ները չեն ցանկանում այդ ֆորմատով հաղորդակցվել: Եթե մենք համեմատում ենք նախորդ խորհուրդը, որտեղ որևէ ներկայացուցիչ չկար ՔՀԿ-ներից և նոր խորհուրդը, ապա կարծում եմ, որ մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել: Հուսով եմ, որ խորհրդի մեկ-երկու աշխատանքներից հետո ՀԿ-ները ցանկություն կհայտնեն մասնակցել: Մենք փորձել ենք մի հարթակ ստեղծել, որ ՀԿ-ները կարող են իրենց կարծիքը ներկայացնել: Այդուհանդերձ չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, թե կոռուպցիայի դեմ պայքարը բավականին իդեալական է ընթանում, կառավարությունը բաց և թափանցիկ փորձում է նաև խնդիրները ներկայացնել: Մասնավորապես՝ հայեցակարգում ընդգրկված է վստահության և մասնակցության պակասը՝ թե՛ մեր քաղաքացիների, և թե՛ ՀԿ-ների ու բիզնեսի կողմից: Ցավոք սրտի, այդ հավատի բացակայությունը բերում է նրան, որ մեր շատ ու շատ քաղաքացիներ հանդուրժողականություն են դրսևորում կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Եթե այդ վստահությունն ու մասնակցությունը չլինի, մենք չենք կարող արդյունավետ պայքար ունենալ:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հարցազրույցներ

Իրադարձություններ