Հղիությունը ընդհատող (վիժում առաջացնող) դեղամիջոցները Երևանի շատ դեղատներում վաճառվում են առանց դեղատոմս և մարդիկ այն կարող են ձեռք բերել բավականին հեշտությամբ: Մայրաքաղաքում գործող 10 դեղատներից 7-ում կարողացանք առանց որևէ խոչընդոտի ձեռք բերել նշյալ դեղամիջոցները: Դեղատան աշխատակիցները մեզնից դեղատոմս չպահանջեցին և նույնիսկ չհարցրին, թե ինչ նպատակով ենք դրանք գնում:
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ առանց դեղատոմսի դեղերի վաճառքը կանխարգելելու համար գերատեսչության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից Երևան քաղաքում և մարզերում հարուցվել են վարչական վարույթներ, տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր: Միաժամանակ դեղատների աշխատակիցները ասացին, որ իրենց երբեք չեն արգելել դրանք վաճառել, նրանցից մեկն անգամ նշեց, որ իրենք այդ դեղերը չվաճառելու իրավունք չունեն. «Ճիշտ է ես գիտակցում եմ, որ այդ դեղերը չի կարելի վաճառել առանց դեղատոմսի, սակայն մեզ ոչ մեկ չի արգելել և չի զգուշացրել, որ այդ դեղերը չվաճառենք, իսկ արգելքը պետք է լինի վերևներից»,-ասաց նա:
Դեղատան աշխատակցուհին նաև մեզ հայտնեց, որ վերջին շրջանում այդ դեղերի վաճառքն ավելացել է. «Իհարկե կան կանայք, որ գնահատում են իրենց առողջությունը և գալիս են դեղատոմսով, սակայն նրանց հիմնական մասը դրանք գնում է առանց դեղատոմսի»,-նշեց մեր զրուցակիցը:
Իսկ այն հարցին, թե առանց դեղատոմս դեղերի վաճառքի համար իրենց նկատմամբ ինչ-որ պատիժներ սահմանվել են, նույն աշխատակցուհին պատասխանեց, որ դեռևս նմանատիպ դեպք չի գրանցվել:
Իսկ մեկ այլ դեղատանը մեզ խորհուրդ տվեցին այդ դեղերը պարտադիր օգտագործել բժշկի հսկողությամբ, սակայն չարգելեցին դրանք գնել, նույնիսկ ասացին, որ կարող ենք առանց դեղատոմս գնել:
ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ իրենք նույնպես արձանագրել են դեպքեր, երբ դեղատներում հղիությունը ընդհատող դեղամիջոցները վաճառվել են առանց դեղատոմսի: Բայց դրանք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի վաճառք իրականացնելու համար պատասխանատվություն չի նախատեսում:
Միաժամանակ գրությամբ մեզ տեղեկացրին, որ գերատեսչությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը կարգավորում է խնդիրը:
Մշակվել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվել դեղատոմսով բաց թողնվող դեղերի՝ առանց դեղատոմսի իրացում իրականացնելու համար:
Այստեղից կարելի է հետևություն անել, որ այս պահին դեղատները վարչական պատասխանատվության չեն ենթարկվում և ազատորեն վաճառում են հղիությունն ընդհատող դեղերը՝ անգամ գիտակցելով, որ դրանց օգտագործումը առանց բժշկի հսկողության կարող է ունենալ շատ բացասական հետևանքներ:
Շատ կանայք, տեղեկացված լինելով, որ կարող են այ դեղերը ձեռք բերել առանց դեղատոմսի, դրանք օգտագործելու համար չեն դիմում բժշկի:
Գինեկոլոգ Աննա Ղազարյանը դեմ է հղիությունը ընդհատող դեղերի ազատ վաճառքին և կարծում է, որ դեղատները իրավունք չունեն այդ դեղերն առանց դեղատոմս վաճառելու: Նրա համոզմամբ՝ տնային պայմաններում վիժում առաջացնող դեղամիջոցների օգտագործումը սխալ քայլ է, քանի որ կարող է անձի առողջության վրա բացասաբար ազդել. «Ինքնուրույն օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել բարդ վիճակների՝ արյունահոսության և մարդու առողջության լուրջ վնասների»,- ասաց նա:
Տիկին Ղազարյանի կարծիքով՝ շատ կանայք, ունենալով գումարային խնդիրներ և չվստահելով բժիշկներին, դիմում են նման վտանգավոր քայլի: «Երբեմն հղիությունը կարող է լինել արգանդից դուրս և նրանք վտանգում են իրենց կյանքը, քանի որ նրանց մոտ առաջանում է ուժեղ արյունահոսություն»,-հաղորդեց բժիշկը:
Նա նաև նշեց, որ դեղերը կարելի է օգտագործել մինչև 12 շաբաթական հղիության դեպքում, իսկ դրանից հետո միայն բժիշկների հսկողությամբ:
2014թ. իրականացված հետազոտության տվյալների համաձայն՝ հարցված 2315 կանանցից 344-ը (14,9%-ը) անամնեզում նշել է անպտղություն, ընդ որում՝ առաջնային անպտղություն, այսինքն՝ անամնեզում մեկ և ավելի տարի սեռական կյանքով ապրելու դեպքում երբևիցե հղիություն չի ունեցել հարցված կանանցից 99-ը (4.3%-ը), իսկ երկրորդային անպտղություն, այսինքն՝ հղիությունների/երեխաների պարագայում վերջին 2 տարում հղիություն չի նշել` 245-ը (10,6% ):
Ելենա Արամյան