2015 թվականի հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2015 թվականի ուսուցման ծրագրերով նախատեսվել է ինքնուրույն դասընթաց՝ Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերը՝ 10 ակադեմիական ժամ ծավալով: Այս մասին ասվում է 2014թ. ապրիլի 1-ից մինչև 2015թ. ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաշվետվությունում:
Դասընթացը ներառում է ՀՀ հանրային ծառայության ոլորտում կոռուպցիոն երևույթների, դրա դեմ տարվող պայքարի ընդհանուր իրավիճակի, հակակոռուպցիոն պայքարի իրավական (ներպետական և միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Եվրախորհրդի Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (ՄՈՆԻՎԱԼ) հանձնարարականները), և ինստիտուցիոնալ շրջանակների (ներպետական և միջազգային, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ի և ՄՈՆԻՎԱԼ-ի գործունեությունը), համապատասխան այլ շահագրգիռ կողմերի (հասարարակական կազմակերպությունների, ԶԼՄ-երի) մասնակցության և պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ հարցերը:
Նշվում է, որ վերջին մեկ տարում իրականացվել են նաև հանրային իրազեկման այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին առավել իրազեկ լինել իրենց իրավունքներին:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված միջոցառումների վերաբերյալ բաժնում նշվում է, որ 2014 թվականի ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը, որի հիման վրա մշակվել և ՀՀ Կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշմամբ հաստատվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգը:
Որոշման համաձայն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ համապատասխան կազմով: Խորհուրդը հանդիսանում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող, ոլորտային ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն ապահովող մարմին: Մշակվել է նաև ռազմավարության որոշման նախագիծը:
Ըստ հաշվետվության՝ 2014 թվականին տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքում մոնիթորինգի թիմի կողմից կազմվել և 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզի ՏՀԶԿ–ում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցանցի հանդիպման ժամանակ ընդունվել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփումների» զեկույց: 2014 թվականի դեկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստում ընդունվել է գնահատման 3-րդ փուլի ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ կատարողականի զեկույցը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ը բավարար մակարդակով կատարել է պարտավորությունների բոլոր 19 կետերի պահանջները՝ «Քրեականացում» և «Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն» թեմաներով:
Հաշվետվությունում կարդում ենք, որ ԳՐԵԿՈ-ն ողջունել է ՀՀ-ի իշխանությունների կողմից պարտավորությունների կատարման զեկույցի ընդունման ժամանակ ձեռնարկված ջանքերը: