Սուրիկ Խաչատրյանի եկամուտները միլիոնների են հասնում, իսկ որդին` ոչինչ չունի

2011 թվականի եկամուտների և գույքի հայտարարագրի համաձայն, Սյունիքի ներկայիս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները հարկային տարում կազմել են 2 միլիոն 360 հազար դրամ: Իսկ հաջորդ տարի եկամուտները անասելիորեն ավելացել են` հասնելով 7 միլիարդ 2 միլիոն 103 հազար դրամի: Ի դեպ, 7 միլիարդ դրամը որպես եկամուտ ստացել է գույքի վաճառքից:

Նախորդ տարի պաշտոնը ստանձնելու պահին` 2014 թվականի սեպտեմբերի 25-ին Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք` հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բազմաբնակարան շենքում բնակարանը:

Այդ պահի դրությամբ նա 1 միլիարդ 622 միլիոն դրամ է փոխառությամբ հանձնած եղել: Իսկ 2014 թ-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն եկամուտները կազմել են 160 միլիոն 419 հազար դրամ:

Իսկ ահա 2014-ի հարկային տարում Սուրիկ Խաչատրյանի կողմից տրված փոխառությունների չափը կազմել է 1 միլիարդ 501 միլիոն դրամ: Հարկային տարվա վերջում նրա եկամուտները կազմել են 215 միլիոն 202 հազար դրամ:

Այս գումարի հիմնական մասը` 197 միլիոն 424 հազարը ստացվել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Աշխատանքի վարձատրությունը  կազմել է մոտ 1.6 միլիոն դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացված վճարները` 16.2 միլիոն դրամ: Այսինքն` աշխատավարձից ստացված եկամուտը ընդհանուր եկամուտների  մոտ 0.7 տոկոսն է կազմել:

Նշենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գույքի և եկամուտների վերաբերյալ բացակայում են 2013- թվականի` պաշտոնը դադարեցնելու պահի վերաբերյալ հայտարարագիրը:

Մարզպետի կնոջ` Լորետա Բարսեղյանի 2011, 2012 և 2014 թվականի եկամուտների և գույքի հայտարարագրերում միայն նշված են աշխատավարձից ստացված եկամուտները: 2011-ին այդ եկամուտը եղել է 1 միլիոն 272 հազար, 2012-ին` 1 մլն 227 հազար, իսկ 2014-ին` 2 միլիոն 192 հազար: Այլ տվյալների վերաբերյալ որևէ նշում չկա:,

Իսկ որդին` Տիգրան Խաչատրյանը 2012-ին ունեցել է 360 հազար դրամ եկամուտ` որպես աշխատանքի դիմաց ստացված վարձատրություն, իսկ 2014-ին` ընդհանրապես որևէ եկամուտ չի ունեցել` ըստ ներկայացված հայտարարագրի:

Լուսանկարը` News.am-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ