Ինչպե՞ս կառավարությունը կկանխի «Սպայս» թմրամիջոցի տարածումը Հայաստանում

Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության տարածք են ներկրվում համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական թմրամիջոցները՝ «Սպայս» անվամբ: Նման դիրքորոշում է առկա կառավարության որոշման նախագծում, որը գործադիրն այսօրվա նիստին հաստատեց:

Նման նյութերի ստեղծմամբ և ներկրմամբ փորձ է արվում շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Սինթեզվում են այնպիսի նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, ունեն թմրաազդեցություն, սակայն դուրս են օրենքով և իրավական ակտերով նախատեսված հսկվող և արգելվող նյութերի ցանկերից:

Նման վտանգավոր ու արատավոր երևույթի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով կառավարությունն անհրաժեշտ գտավ վերոնշյալ նյութերը ներառել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված N1 ցուցակում (Թմրամիջոցներ և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է):
Նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Գասպարյանը, կառավարությունն այն հաստատեց:

Ոստիկանությունն ակնկալում է, որ այսկերպ հնարավոր կլինի կանխել, նախականխել և բացահայտել Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրվող դիզայներական և այլ ծխախոտային խառնուրդներ, որոնց հոգեկան և ֆիզիկական թմրաազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի և ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել