2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբի մոտ Կարեն Ք.-ն և Սարգիս Գ.-ն վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նույն ժամանակ Կարեն Ք.-ի կողմից Սարգիս Գ.-ին հասցված հարվածներից անզգուշությամբ վնասվել է նաև նույն վայրում կայանված «Լենդ Կռաուզեր Պռադո» մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կողմերի հաշտության հիմքով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Հետագայում վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Այնուհետև քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: