Խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակությունների մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի գործով դատական վիճաբանությունների փուլն այսօր մեկնարկեց կիսադատարկ նիստերի դահլիճում:
20 էջանոց պաշտպանական ճառով պետք է հանդես գար ամբաստանյալի փաստաբանը, սակայն Հունան Բաբայանը այն չներկայացրեց. բացակայում էր Արթուր Սարգսյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց քրեակատարողական հիմնարկից դատարան մուտք եղած գրությունն, ըստ որի ամբաստանյալը առողջական խնդիրներ ունի, դատավորը մեջբերեց. «Արթուր Սարգսյանը գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, սրտխառնոցից, ականջների խշշոցից և կուրացումից, գունատ Զարկերակային ճնշումը 180-110: Հետագայում հավանաբար չի կարողանա մասնակցել դատական նիստերին՝ ելնելով առողջական վիճակից»:
Ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ որոշվեց գործի քննությունը հետաձգել՝ նշանակելով մայիսի 22-ին: Նիստին ճառով հանդես կգա Հունան Բաբայանը:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:
Ըստ դատախազի ճառի՝ Արթուր Սարգսյանի գործողությունների արդյունքում տուժել են 10 ֆիզիկական անձիք և նույնքան ընկերություններ: Մեղադրող կողմը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով՝ հօգուտ տուժողների բռնագրավվելով շուրջ 186 մլն ՀՀ դրամի չափով գումար (415 հազար ԱՄՆ դոլար):
Նյութի գլխավոր լուսանկարում ամբաստանյալի փաստաբանն է
Գ.Թ.