Արթուր Սարգսյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց ու միանգամից սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:
Մինչ դատաքննության ավարտը պաշտպանական կողմը երկու միջնորդություններով հանդես եկավ, սակայն դատարանը մերժեց: Միջնորդություններից մեկով պաշտպանը պահանջում էր դատարանում հետազոտել ամբաստանյալի և տուժողներից մեկի միջև եղած զրույցի ձայնագրությունը: Դատարանը տուժողին դիրքորոշում հայտնելու հնարավորություն տվեց, ով ասաց, որ նշյալ ձայնագրությունն արվել է Արթուր Սարգսյանի ավտոմեքենայում, ամբաստանյալը խնդրել է իրեն հայտարարել, որ չի ճանաչում Ֆինանսների այդ ժամանակվա նախարար Դավիթ Սարգսյանին, տուժողն այդպես էլ ասել է, ինչը ձայնագրվել էր: Տուժողը դեմ չէր, որ ձայնագրությունը հետազոտվեր դատարանում, նա նաև հայտարարեց. «Հարգելի դատապաշտպանը պաշտպանում է երկու ամբաստանյալների շահերը՝ Արթուր Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի: Այդ օրը Արթուր Սարգսյանն ինձ խնդրում էր, որ ես ասեմ, որ Դավիթ Սարգսյանին չեմ ճանաչում, որ Դավիթ Սարգսյանն իրեն լավ զգա, այսինքն` ինքը շատ էր վախեցած, ես այդպես արեցի, ասացի»,- նշեց տուժողը:
Դատարանը քննարկելով պաշտպանի միջնորդությունն, այն մերժեց: Փաստաբան Հունան Բաբայանը հայտարարեց, որ դատավոր Արշակ Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունի դեպքի պաշտպանական կողմը, մերժում է ներկայացված բոլոր միջնորդությունները. «Ես ունեմ միջնորդություններ, բայց հաշվի առնելով դատարանի դիրքորոշումը ես չեմ պատրաստվում այն հնչեցնել»,- ասաց փաստաբանը:
Դատաքննության ընթացքում դատարանին քաղհայց ներկայացրեց տուժողներից Արթուր Մանուչարյանը՝ խնդրելով ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար: Դատարանն այն վարույթ ընդունեց:
Այսպիսով ավարտվեց Արթուր Սարգսյանի գործով դատաքննությունը, որը մեկ տարուց ավելի է, ինչ տևում է: Դատարանը միանգամից անցավ դատական վիճաբանությունների փուլին. մեղադրողն արդեն պատրաստի ուներ իր ճառը:
Դատախազ Արմեն Փանոսյանն իր ճառում նշեց, որ Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ նշված հանցագործությունները չի կատարել, սակայն, ըստ մեղադրողի՝ դատաքննության ընթացքում հերքվել են ամբաստանյալի պատճառաբանությունները և նրա մեղադրանքը հիմնավորվել է:
Պարոն Փանոսյանը ասաց, որ Արթուր Սարգսյանի գործողությունների արդյունքում տուժել են 10 ֆիզիկական անձիք և նույնքան ընկերություններ: Նա միջնորդեց Արթուր Սարգսյանին դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով՝ հօգուտ տուժողների բռնագրավվելով շուրջ 186 մլն ՀՀ դրամի չափով գումար:
Կարդացեք նաև՝
Ի՞նչ կապ ունի ֆինանսների նախկին նախարարը խոշոր չափի հափշտակության մեջ մեղադրվողի հետ
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը ցուցմունք տվեց դատարանում
Գևորգ Թոսունյան