Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:
Րոպեներ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը:
Դատարանն ամբաստնյալին անմեղ ճանաչեց միայն տուժող Արամայիս Բեգլարյանից խաբեությամբ խոշոր գումար հաշփտակելու դրվագով: Մյուս դրվագներով գումարյաին ինը տարվա ազատազրկման ձևով պատիժը կհաշվարկվի 2013 թվականի մարտի 6-ից, այսինքն, ամբաստանյալին կալանքի տակ առնելու օրից:
Դատարանը բավարարել է նաև տուժողների կողմից գումարային հայցապահանջները, որոնք միլիոնավոր դրամներ են կազմում:
Նշենք, որ դատախազը միջնորդել է Արթուր Սարգսյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման` հօգուտ տուժողների բռնագանձելով մոտ 190 մլն դրամ:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ: