Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի գործով դատական հերթական նիստը: Դատաքննության ընթացքում ամբաստանյալի պաշտպանը՝ Հունան Բաբայանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, ըստ որի՝ որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով հարկավոր է գրավոր հարցում ուղարկել «Եվրոպա» ՍՊԸ:
Պարոն Բաբայանը նշեց, որ մեղադրանքի դրվագում որոշակի սխալ ձևակերպում կա, նա միջնորդությամբ խնդրեց, որ որոշակի միջոցներ ձեռնարկվի այդ ուղղությամբ և հարցում կատարվի:
Ըստ փաստաբանի՝ հարցման միջոցով պետք է պարզել` Արթուր Մանուչարյանը, այսինքն` այն անձը, ով ներկայանում է որպես տուժող, հանդիսացել է «Եվրոպա» ՍՊԸ-ի տնօրենը, թե ոչ: Եթե հանդիսացել է և հիմա դատարանին ներկայացնում է, որ «Եվրոպա» ՍՊԸ-ից տարաժամկետ վճարման պայմանով ամրաններ է ստացել ժամանակին, ապա դրա փաստաթղթային հիմքերը տրամադրեն ընկերությունից:
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել և գրավոր հարցում ուղարկել Եվրոպա ՍՊԸ: Դատական նիստը հետաձգվեց մինչ մարտի 18-ը:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ: Ըստ նոր մեղադրանքի՝ Արթուր Սարգսյանը 2008թ. Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արմեն Միրզախանյանից համատեղ բիզնես ծրագիր իրականացնելու կապակցությամբ հափշտակել է 5 մլն 719 հազար դրամ գումար, «Եվրոպա» ՍՊԸ-ից հափշտակել է 12 մլն 500 հազար դրամ և տուժողներից մեկից շորթել 54 մլն 750 հազար դրամը՝ գազալցակայանների կառուցման համար:
Տիգրանուհի Հարությունյան