Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը: Ամբաստանյալը ներկայանալով որպես իտալահայ բիզնեսմեն և ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ` կատարել է առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակում: Այս գործով ներգրավված է 9 տուժող:
Նախորդ դատական նիստերին գրեթե բոլոր տուժողներն իրենց ցուցմունքներում տվել էին ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի անունը: Ուստի պաշտպանական կողմը միջնորդել էր նրան դատակոչելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Դատարանում Դավիթ Սարգսյանին տուժողների ներկայացուցիչներն ու հենց իրենք տուժողները մեկ ժամ հարցաքննեցին:
Արթուր Սարգսյանը 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ տարբեր գործարքներ է իրականացնել տուժողների հետ` ներկայացնելով նաև Դավիթ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթղթեր, ինչպես նաև հանդես գալով նրա անունից:
Հարցաքննության ընթացքում Դավիթ Սարգսյանը նշեց, որ ամբաստանյալին չի ճանաչում, գիտի միայն տուժողներից մեկին:
Տուժողների ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե արդյոք Դավիթ Սարգսյանը որևէ կերպ առնչվել է ամբաստանյալ Արթուր Սարգսյանի հիմնադրած ձեռնարկությունների հետ, պարոն Սարգսյանը բացասական պատասխան տվեց, այնուհետև պաշտպանը շարունակեց, որ մի շարք տուժողներ վկայել են, որ Արթուր Սարգսյանի գործարքներում Դավիթ Սարգսյանը հանդիսացել է երաշխավոր անձ, ինչը նույնպես հերքվեց նախկին նախարարի կողմից: Այն հարցին, թե հեռախոսազանգեր եղել են Արթուր Սարգսյանի հետ, վկան պատասխանեց. «Ես երբևէ չեմ խոսացել հեռախոսազանգով կամ կյանքում ամաբստանյալ Արթուր Սարգսյանի հետ»:
Այնուհետև պաշտպանը շարունակեց, որ տուժող Էդուարդ Գևորգյանն իր ցուցմունքով հայտնել էր, որ ամբաստանյալն իրեն է ներկայացրել Դավիթ Սարգսյանի ստորագրությամբ ՀՀ կառավարության որոշման նախագծի օրինակ էլեկտրոնային տարբերակով, որի ստորագրության դիմաց եղել է հարցական նշանը: Պարոն Սարգսյանը պարզաբանեց, որ նման նշան դրվում է այն պարագայում, երբ ստորագրությունը իսկությանը չի համապատասխանում, այնպես որ այն կարող էր կեղծված լինել:
Պաշտպանը հավելեց, որ նշված քրեական գործով բազմաթիվ պաշտոնական գրություններ կան, որոնց ստորագրության առջև դրված է հենց հարցական նշանը:
Տուժողի ներկայացուցիչներից փաստաբան Լիանա Գրիգորյանը նախ նշեց, որ բոլոր տուժողները կապ են տեսնում Դավիթ Սարգսյանի և գործով ամբաստանյալ Արթուր Սարգսյանի միջև, այնուհետև հետաքրքրվեց` որտեղի՞ց այդ կապը ու ինչպե՞ս են տուժողները ճանաչում ֆինանսներին նախկին նախարարին ու որտեղի՞ց նրանց Դավիթ Սարգսյանի հեռախոսահամարը: Պարոն Սարգսյանը կրկին հերքեց, որ որևէ կապ ունի ամբաստանյալի հետ:
Այնուհետև տուժող կողմը փորձեց հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Արթուր Սարգսյանը մուտք ու ելք է ունեցել Ֆինանսների նախարարություն: Պարոն Սարգսյանը ասաց, որ ինքը երբևէ չի հաստատել Արթուր Սարգսյանի մուտքը գերատեսչություն և ընդհանրապես այդ գործառույթն իրեն վերապահված չի եղել. «Ես պատասխանատու չեմ կառավարության որևէ շենք մարդկանց մուտք գործելու համար»,- նշեց նա:
Տուժողներից մեկը պնդեց, որ իր ներկայությամբ Արթուր Սարգսյանը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սարգսյանի հետ, սա նույնպես հերքվեց Դավիթ Սարգսյանի կողմից. «Դա հնարավոր չի»,- ասաց նա:
Վկայի ցուցմունքից հետո պետք է հարցաքննվեր ամբաստանյալը, սակայն վերջինիս պաշտպանը նշեց, որ Արթուր Սարգսյանը պատրաստ չէ, բացի այդ` հաշվի առնելով վկաների ցուցմունքը նախապատրաստման կարիք կա:
Դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվեց հոկտեմբերի 1-ին` ժամը 15:00-ին: