Ի՞նչ պրոբացիայի ծառայություն ենք ուզում տեսնել: Արդյոք մենք կամք ունե՞նք՝ պատժողական քաղաքականությունից անցում կատարելու դեպի վերականգնողական արդարադատություն: Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է այս ծառայության ներդրման ինստիտուցիոնալ խնդիրներից և վիճահարույց այլ հարցերից: Մանրամասները՝ հարցազրույցում:
Ի՞նչ հակափաստարկ է բերում մասնագետը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պնդումներին, ո՞ր դեպքում այս ծառայությունն անիմաստ կլինի մեր երկրում ու ո՞ր դեպքում արդարադատությանը նպաստելու փոխարեն, կդառնա կոռուպցիոն գործիք: Իրավական դաշտից՝ հասարակական մտածելակերպ:
– Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստին վերջապես ընդունվեց: Ի՞նչ փուլ ենք, ըստ Ձեզ, մտել:
– Կարծես թե սառույցը ուզում է տեղից շարժվել, նախկինում այդպես չէր էլ եղել: Տարբեր անգամներ այն այս փուլով անցել է, վերջապես այն մտավ կառավարություն և գործադիրը հավանություն տվեց այս հայեցակարգին, թեպետ որպես այդպիսին իրավական ակտի տեսք, կարծես թե դեռ չի տրվելհայեցակարգին, սակայն սառույցն, ըստ էության,տեղից շարժվեց: Բայցև հայեցակարգ հաստատել, դեռ չի նշանակում ունենալ պրոբացիոն ծառայություն, այսինքն՝ այդ նույն պաշտոնյաներն իրենց չարածը փորձում են արդարացնել նրանով, որ մենք դանդաղ ենք գնում պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Համաձայն չեմ, որովհետև ունենալ հայեցակարգ, կնշանակի մի բան՝ ունենալ հայացք, տեսլական, որ դու ուզում ես ունենալ այս կամ այն կերպ գործող պրոբացիայի ծառայություն (ենթակայություն, կազմակերպաիրավական տեսակ, գործառույթներ և այլն): Եթե գոնե 2012 կամ 2013թ. հաստատեինք այդ հայեցակարգը, կարող էինք ասել, որ դրա հիման վրա հաստատում ենք այսինչ-այնինչ իրավական ակտերը, սակայն այսօր այդ իրավական հնարավորությունը չունենք:
– Ի դեպ, կառավարության նիստին այս ծառայության ներդրմանը դեմ արտահայտվեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, նա նշեց, որ դեռ վաղ է այն ներդնել՝ միգուցե 20 տարի հետո դրա ժամանակը գա: Սա ասում է մի պաշտոնյա, ով տարիների փորձ ունի պետական համակարգում: Ձեր հակափաստարկները այս պնդմանը:
– Իրապես, եթե մենք կամք ու ուժ չունենք տեսնել՝ արդարադատության պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերականգնողական, ոչ թե շուտ է, այլ պետք է պարզապես չլինի: Պրոբացիայի ծառայությունը շատ վտանագավոր երևույթ է, եթե մենք չենք ուզում տեսնել այնպիսի ծառայությունը, որը դրված է հայեցակարգի մեջ, ապա այո վաղաժամ է: Այսօր տարբեր օլիգարխներ, մեծահարուստներ հանցագործություն են կատարում ու կաշառքի միջոցով ազատվում պատժից: Ուստի՝ պրոբացիայի ծառայությունը սխալ օգտագործելու դեպքում այն դառնալու է կոռուպցիայի մի դրամապանակ և շատ վտանգավոր գործիք, որպեսզի այն մարդիկ, որոնց հասարակությունում ուզում են տեսնել պատժված, ազատազրկված, այդ մարդիկ իրենց դատավճիռը ձեռքներին ասելու են՝ «Պրոբացիայի տակ եմ, ի՞նչ ես ուզում ինձնից»: Հակափաստարկն հետևյալն է՝ Գորիկ Հակոբյանը պետք է այդ կարծիքն ասեր 2011թ. նոյեմբերին, երբ հաստատելու էր տարվում 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որտեղ կար կետ՝ պրոբացիայի ծառայութուն: Երկրի նախագահը, այդ ինստիտուտը՝ անձերին թողնում եմ մի կողմ, ասաց, որ այս երկրում պետք է գործի պրոբացիոն ծառայություն, դրանից կարևոր հակափաստարկ հայաստանյան պաշտոնյայի համար չեմ կարող բերել: Ճիշտ ժամանակն է ստեղծել պրոբացիոն ծառայություն, որի արդյունքում մնացած բոլոր ծառայությունները, որոնք պատվիրելու են այս ծառայությանը՝ դատախազություն, ոստիկանություն, քննչական կոմիտե, դատական և բանտային համակարգեր, կսկսեն կամաց-կամաց զարգանալ: Այդ համակարգերի վրա գումար ներդնելու փոխարեն, պետությունն ունենալու է սոցիալական աշխատողների, հոգեբանների և կրիմինալոգների մի խումբ, որոնք օգնելու են գործը տեղից շարժել:
– Նույն կառավարության նիստի հարցին վերապահումով մոտենալու հորդորով հանդես եկավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով դեմ արտահայտվեց պրոբացիոն ծառայության կիրարկման առաջին՝ մինչդատական փուլի վերաբերյալ, երբ պրոբացիոն ծառայությունը խորհրդատվություն է տալու հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ի պատասխան Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ ծառայությունը պատրաստվում են փուլերով ներդնել: Արդյոք այսկերպ չի խախտվի պրոբացիոն ծառայության գաղափարը, կոնցեպցիան:
– Չի խախտվի: Մի փոքր ռիսկ կա, բայց այդ ռիսկերը պետք է նվազեցնել կոնկրետ չափորոշիչներով: Խնդիրը պրոֆեսիոնալիզմի մեջ է, պետք է հասկանանք մեզ ի՞նչ որակներ են պետք, ինչպե՞ս ենք գնահատելու հասարակությունում հանցանք կամ իրավախախտում կատարելու ռիսկը, և հասկանանք՝ 72 ժամում ինչ տեղեկություն տանք դատարանին, որ պարզ լինի՝ կալանավորել անձին, թե՝ ոչ: Ի վերջո, պրոբացիայի ծառայությունը միայնակ գործել չի կարող, այն ինտեգրալ մարմին է՝ չունեցանք լավ նախաքննության մարմին, դատարան, լավ սոցիալական և կրթական ծառայություններ, պրոբացիայի ծառայությունը «0» արդյունավետություն կունենա: Բացի այն, որ այս ծառայությունները պետք է լավ որակի լինեն, նաև դրանք պետք է իրար հետ կապված լինեն՝ մեկ էլեկտրոնային շտեմարանի միջոցով: Սյդուհանդերձ, նշեմ, որ դասագրքային տեսությունը թելադրում է, որ պետք է պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային սկզբունքով: Ի վերջո, մի կարևոր հանգամանք կա, մինչև՝ ես ու դու՝ որպես հասարակության անդամները պատրաստ չլինենք, որ մեզ թալանած մարդը կողքի շենքից ապրելու է նույն շենքում մեզ հետ միասին, պրոբացիայի ծառայությունը չի կարողանա աշխատել: Այսինքն՝ հասարակությունը պետք է հասկանա, որ անձը, ով քեզ վնասել է, կարող է լինել հասարակության մեջ և պատիժ դեռ չի նշանակում ազատազրկում: Քանի դեռ մենք ինքներս պատրաստ չենք, ուզում ես միլիոններ ծախսի ու շատ լավ մասնագետներ ունեցի, այն չի գործի: Այս ծառայությունը պետք է հասարակայնորեն ընդունելի լինի, ուստի հայեցակարգն էլ, գլխավոր դատախազությունն էլ ճիշտ են՝ այն պետք է ներդրվի փուլային ձևով: Այսօր պրոբացիայի ծառայությունը եվրոպական երկրներում այնքան ընդունված կառույց է, որ փոքր գողություններ, խարդախություններ կատարած անձանց հետ սովորական է, որ պետք է աշխատի, պրոբացիան աշխատում է նաև ծանր հանցագործություն կատարած անձանց հետ. օրինակ՝ սպանություն կատարած անձի, սեռական ոտնձգություններ կատարած անձանց հետ՝ նրանց թողնելով հասարակությունում: Կառույցն այնքան զարգացած է ու ընդունված, որ նրանց վերապահվում է նաև նման բարդ աշխատանքը:
– Անդրադառնանք իրավական խնդիրներին՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ պրոբացիոն ծառայության հետ այս կամ այն կերպ առնչվող իրավական փաստաթղթերը պետք է սինխրոն կերպով փոփոխվեն: Նախարարությունը ճանապարհային քարտեզ ունի, ըստ որի՝ մինչև տարվա վերջ նպատակ ունի բոլոր իրավական ակտերը ընդունված ունենալ: Դրանցից մեկը, օրինակ, Քրեական դատավարության օրենսգիրքն է: Արդյոք հնարավոր է այս կարճ ժամանակահատվածում ունենալ հաստատված իրավական դաշտը, որն ի վերջո չթերանա:
– Պրակտիկայիցս ելնեմ, 2003թ.-ին մենք ունեցանք նոր Քրեական օրենսգիրք, ամիսը մեկ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ էր արվում: Նախարարությունը ասում է, որ պրոբացիայի մասին օրենքները ևս պետք է մտնեն ԱԺ և ընդունվեն մինչև տարեվերջ, ես թույլ եմ տալիս ինձ՝ մի փոքր կասկածել այս ժամկետների առումով: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի Հանրապետությունն իր փոքր լինելու հաշվին ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր, իրապես մեկ զանգով՝ կարող են լուծվել շատ դժվար խնդիրներ, ուղղակի մեկ զանգով, ցանկությամբ: Հենց որոշեց երկրի նախագահը, որ պետք է ընդունել օրինակ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, տեսականորեն ամեն ինչ կարող է լինել, պրակտիկորեն չեմ պատկերացնում՝ ինչպես: Հայեցակարգը չըդունելու, իրավական ակտի ուժ չտալու դեպքում, ես հավանական եմ տեսնում նաև, որ 2016թ. ոչ թե կունենանք պրոբացիա, այլ կունենանք քրեակատարողական համակարգում արդեն եղած բազայի վրա ծառայություն՝ բաժին, մի քանի հաստիք կտանք ու կասենք՝ սա է մեր պրոբացիան:
– Կադրերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, ի վերջո պրոբացիոն ծառայության աշխատակիցը գործ է ունենալու իրավախախտում կատարած կամ էլ հանցագործության մեջ մեղադրվողների հետ, ինչն ամեն մեկը չի կարող անել:
– Կադրերի հարցը ռիսկային էր դեռևս հայեցակարգը գրելու ժամանակ: ԵԽ-ն 2 տարի տևող պիլոտային ծրագրում նախատեսել է նաև աշխատակիցների վերապատրաստման մոդուլներ, որոնք հիմա մշակման փուլում են: Այն երկրներում, որտեղ պրոբացիայի ծառայությունն ունի բազմամյա տարիների պատմություն, համալսարաններում սովորում են ու դառնում պրոբացիայի ծառայողներ: Մենք սրան տասնյակ տարիներ հետո կարող ենք հասնել:
Ինչևէ այժմ, մենք կարևոր փուլ ենք մտել: Պետք է հասկանանք՝ դեռ ծնված էլ չի այդ երեխան, եթե ուզում ենք, որ այն ծնվի, պետք է փայփայենք, թող փոքր քայլերից սկսի: Խեղդել երեխուն, որը դեռևս չի ծնվել, այսօր մեր տարբեր պետական գործիչներ սա են անում, չեք ուզում՝ եկեք չներդնենք ծառայությունը, բայց եթե ուզում եք՝ եկեք անել այնպես, որ ներդրվի, ոչ թե դիտավորյալ ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ այս ծառայությունը չի աշխատի:
Հարցազրույցը`Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ