Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ սկսվել է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով դատական նիստը:
Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այս գործով առաջին նիստը չի կայացել, քանի որ դատախազը ներկա չի գտնվել դրան, փոխանցեց Խաչատուր Խաչատրյանի իրավունքների պաշտպան Կարեն Թումանյանը: