Ոստիկանության մայորը դատապարտվել է 3 տարի ազատազրկման` կաշառք վերցնելու համար

55-ամյա Ալեքսան Հարությունյանը ազտազրկման դատապարտվել է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանց դիմաց կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն դատավճռի` Արթուր անունով մեկը հաշվառվելու նպատակով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երևանի Մաշտոցի բաժին: Այստեղ հանդիպել է պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:

Հասմիկ Խաչատրյանն իր աշխատասենյակ է հրավիրել նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է Արթուրի հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:

Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, Արթուրին  ուղղորդել է գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000 դրամ կաշառք:

2014թվականի նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանը Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000ՀՀ դրամ գումարը: Արթուրը նույն օրը եկել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ և նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 դրամ կաշառքը: Իսկ հետո Ալեքսան Հարությունյանը Արթուրի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է` բնակվում է Երևան քաղաքի Թերլեմեզյան 18հասցեում:

Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ՆԱ Վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են:

Բացի սրանից` 2014թվականի մարտին Ալեքսան Հարությունյանը հիշյալ հասցեում «գրանցել է» նաև մեկ այլ անձի` նույնպես շահադիտական նպատակներով:

Այս գործով դատավարությունն անցկացվել է արագացված կարգով: Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանքներ է համարել այն, որ ամբաստնյալներն իրենց մեղքն ընդունել և զղջացել են, ունեն առողջական խնդիրներ, դրական են բնութագրվում, իսկ Հասմիկ Խաչատրյանն իր խնամքին ունի անչափահաս երեխա:

Դատարանը Ալեքսան Հարությունյանին դատապարտել է 3 տարի 9 ամսվա ազատազրկման` 2 տարով զրկելով պետական կամ ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Իսկ Հասմիկ Խաչատրյանին դատապարտել է 700 հազար դրամ տուգանքի` մեկ տարով զրկելով պետական կամ ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Գործը քննել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ