Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս բացառելու սուտ մատնության դեպքերը. փաստաբան

Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական նորմեր. «Որոշակի նորմեր կան, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն ավելի լավ իրավական համակարգ ստեղծելու և իրավական լինելու տեսանկյունից, բայց միաժամանակ կան նորմեր, որոնք մեզ՝ որպես պրակտիկ իրավաբանների ու քրեական իրավունքի մասնագետների տարակարծության տեղիք են տալիս կիրառման առումով: Այս պահին դեռ չենք պատկերացնում դրանց կյանքի կոչումը»,- փոխանցեց փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

Որպես դրական նորմ նա առանձնացրեց «լռելու իրավունքի» ամրագրումը քրեական դատավարության նոր օրենսգրքում, որը, ըստ մեր զրուցակցի, հնարավորություն է տալիս բացառելու սուտ մատնության դեպքերը. «Այս պահին իրավիճակը հետևյալն է՝ անձը կարող է ցուցմունք տալ, սուտ ցուցմունք տալ, միայն թե չմեղադրի կոնկրետ անձի, այսինքն՝ սուտ մատնությամբ չզբաղվի: Մինչդեռ նախագծով մենք ունենք լռելու իրավունքը, այսինքն՝ անձը չի ունենում սուտ ցուցմունք տալու իրավունքը: Շատ ավելի ճիշտ է, որ անձը լռի, քան թե սուտ ցուցմունք տա»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը 2012թ.-ից դրվել է շրջանառության մեջ: Վերջերս Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Իրավաբան.net-ին փոխանցել է, որ նախարարությունը նպատակ ունի «ամեն ինչ համահունչ տանել մինչև 2015թ. վերջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել