Ինչպե՞ս են մայրերը մեծացնում իրենց երեխաներին բանտում

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի հավաստմամբ ներկայումս «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց խնամքի տակ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց թիվը 2-ն է: Մինչ այս ՔԿՀ-ում տարբեր տարիների եղել են 5-6 դատապարտյալներ, որոնք իրենց խնամքի տակ երեխաներ են ունեցել: Այս մասին է վկայում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ունեցած տվյալները: Պատկերն այսպիսին է՝

dataoartyal

Այս տարիների ընթացքում պետք է ընդունվեր որոշում, որը կկարգավորեր երեխաներին անհրաժեշտ խնամքի միջոցներով ապահովելու գործընթացը, սակայն այն դեռևս չի ընդունվել:

Որոշման մեջ ոչ մի խոսք չկա երեխաների պարագաների մասին

ՀՀ կառավարության 2003թ. 10 ապրիլի N 413-Ն որոշմամբ հստակեցվում է դատապարտյալների տրվող պարագաների ցանկը, սակայն իրավական փաստաթղթում երեխաների համար հատկացված իրերի անուններ չկան`

ԳՀՅԳՀՅԳՅՀՀՅ

Ցանկը շարունակվում է, սակայն խնամքի  միջոցներ այդպես էլ չեն երևում:

Չկա՛, բայց արգելված չէ

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են այդ պարագայում երեխաների համար ձեռք բերվում անհրաժեշտ իրերն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Որոշման մեջ նշված են թույլատրվող պարագաները, իսկ երեխաների համար պարագաները չկան, բայց դրանք չկան նաև արգելված պարագաների ցանկում, այսինքն հիմնարկի պետի թույլտվությամբ այդ իրերը կարող են ձեռք բերել դրսից»:

Այսինքն, ստացվում է, որ եթե տվյալ կանանց ամուսինները ևս գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, կամ ինչ-ինչ պատճառներով նրանք դրսից օգնություն չեն ստանում, երեխաների խնամքը դառնում է անհնարին:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանն անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցում ասաց. «Այս խնդիրը կա դեռևս 2003թ-ից, սակայն մինչև հիմա 2015թ. որևէ միջոցառում չի իրականացվել խնդրին լուծում տալու համար, և ոչ ոք չգիտի` ինչ պայմաններում են մեծանում այդ երեխաները, որտեղից են ստանում անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն, ես 2015թ. անձամբ հանդիպել եմ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց և վիճակը նույնն է, որևէ փոփոխություն մինչ հիմա չի կատարվել»:

Որոշումը մշակված չէ

Դիտորդական խմբի անդամները ՀՀ արդարադատության նախարարությանը նամակ էին գրել և խնդրել իրենց տրամադրել մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող պարագաների անուններն ու որոշման մասին տեղեկություն, ի պատասխան նախարարության աշխատակազմի ղեկավարի նամակում ասվում է, որ  ՀՀ կառավարությունում ընդունվել և շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը կարգավորում է մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող խնամքի համար նախատեսված պարագաների չափաբաժիններ, սակայն այս նախագիծը դեռևս չի հաստատվել:

File

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, որոշման նախագծին անդրադառնալով ասաց. «Որոշումը դեռևս ամբողջական չէ, այն գտնվում է մշակման փուլում»:

Այսինքն ստացվում է, որ 2003թ.-ից մինչև 2015թ. բանտարկյալների երեխաների խնամքի հարցի քննարկման և որոշման ընդունման համար ժամանակ չի եղել, որոշման նախագիծն էլ կախված է օդից:

Լիլիթ Շաբոյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ