Հարգելի’ այցելուներ,
Որպես փաստաբան, փորձառնության տարիներիս ընթացքում հանդիպել եմ մի շարք մարտահրավերների, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մեր անկատար օրենսդրության կատարյալ բացերը:
Այսօր ուզում եմ Ձեր ուշադրությանը հրավիրել մի այդպիսի օրենսդրական բացի վրա, որին կարծում եմ հանդիպած կլինեն իմ գործընկերներից շատերը, և ոչ միայն գործընկերներս, այլև ցանկացած ոք, ով այս կամ այն կերպ առնչվել է ժառանգության և կտակի ընդունման իրավական գործընթացի հետ:
Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում չի վարվում կտակների հաշվառման միասնական բազա, ինչի հետևանքով մեր օրենսդիրը «ժառանգության իրավահարաբերության» սուբյեկտներին ակամայից դարձնում է «արհեստածին իրավահարաբերության» սուբյեկտ: Այս բարդ իրավիճակում ժառանգները չիմանալով ժառանգական զանգվածի մաս կազմող գույքի նկատմամբ կտակի կազմման և վավերացման միջոցով կտակարարի արդեն իսկ արտահայտած կամքի մասին, ըստ օրենքի ժառանգություն է ընդունվում: Ի՞նչ է ստացվում արդյունքում:
Ստացվում է այն, որ կտակի մասին տեղեկանալուց հետո շահագրգիռ կողմը սկսում է դատական կարգով ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկման գործընթացը, որին բնականաբար ստիպված են լինում մասնակցել քաղաքացիները: Իսկ կտակը վավերացրած և ժառանգություն բացած նոտարները բավական է ներկայացնեն մեկ պարզագույն միջնորդություն` գործն իրենց բացակայությամբ քննության առնելու մասին, որը որպես կանոն բավարարվում է դատարանների կողմից: Վրա է հասնում ևս մեկ մարտահարվեր. դատական գործընթացը, որը ենթադրում է դատական ծախսեր և ամուր նյարդային համակարգ դատարանների ողջամիտ ժամկետներին դիմակայելու համար:
Իսկ արդյո՞ք ժամանակը չէ, մեկ քայլ ևս անել դեպի ցիվիլիզացիա, կտակների հաշվառման նպատակով ստեղծել միասնական բազա, որտեղ կմուտքագրվեն կտակի առկայության մասին տեղեկություններ: Այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնել, որ ցանկացած պարագայում, անհրաժեշտ է պահել կտակի գաղտնիությունը, այսինքն մուտքագրելուց ձեռնպահ մնալ դրա բովանդակությունը այս կամ այն կերպ ներկայացնելուց:
Ընդ որում, այդ բազային կարող է միանալ ցանկացած նոտար, այն դեպքում, երբ ստացել է կտակարարի մահվան փաստը հաստատող փաստաթուղթը, քանի որ վերջինիս մահից հետո կտակը այլևս կդադարի գաղտնի լինել ժառանգների համար: Այս դեպքում, արդեն երբ ժառագը ներկայացնի մահվան վկայականը, վերջինս հնարավորություն կունենա իմանալ կտակի առկայության կամ դրա բացակայության մասին: Նման համակարգը ի սպառ կբացառի կտակի գաղտնիության պահանջների խախտումը:
Իսկ և իսկ ժամանակն է, որ Հայաստանը սկսի մտածել Եվրոպայի Խորհրդի 16.05.1972 թվականին ընդունված Կտակների գրանցման համակարգի ստեղծման մասին (Convention on the Establishment of a Scheme of Registration of Wills) կոնվենցիային միանալու մասին, որի առաջին հոդվածը սահմանում է. «Պայմանավորվող Պետությունները սույն կոնվենցիայի դրույթներին համաձայն պարտավորվում են ստեղծել Կտակների գրանցման համակարգ` նպատակ ունենալով նպաստել կտակարարի մահից կտակի գոյության առկայության բացահայտմանը: (The Contracting States undertake to establish, in accordance with the provisions of this Convention, a scheme of registration of wills, with a view to facilitating, after the death of the testator, the discovery of the existence of the will).
Եվ սա դեռ բավական չէ, քաղաքացիները ստիպված են լինում հետևել նոտարների կողմից սահմանված խաղի կանոններին, ովքեր ժառանգության հետ կապված ցանկացած գործ «հաճույքով զիջում են» «Կենտրոն» նոտարական տարածքի Բաղրամյան փողոցում գործող նոտարական գրասենյակի իրենց գործընկներին: Առաջին հայացքից, թվում է թե սահմանված ոսկե կանոնը օրենսդրական պահանջ է, և որ Երևան քաղաքի ժառանգության հետ կապված գործողությունների իրականացումը մենաշնորհի իրավունքով վերապահված է միայն վերջիններիս: Շտապեցնում եմ տեղեկացնել, որ ժառանգության հետ կապված նոտարական գործողությունների իրականացման իրավասությամբ 11.09.2008թ.-ի ՀՀ արդարադատության նախարարի հրամանով օժտված են Երևան քաղաքի բոլոր նոտարները: