Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և ոչ օբյեկտիվ պատճառներով թերի կատարված աշխատանքների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է բոլոր ԾԻԳ-երին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունը և արդյունավետությունը: