ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։
Բանկի մարզային մասնաճյուղի գլխավոր հաշվապահից գրավոր հաղորդում է ստացվել, որ ս/թ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն Արարատ քաղաքի մասնաճյուղում փոխանակման նպատակով իրացրել է ընդհանուր 9.000 եվրո, 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Քննության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական եւ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձանց ինքնությունը, ձեռքբերման աղբյուրը։
Քննության տվյալներով՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, որոնք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ ՀՀ քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել է փոխանակելու միջոցով բանկի մարզային մասնաճյուղում։
Առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով նշված երկու երիտասարդները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: