Ազգային ժողովի 2015թ. գնումների պլանում կատարված փոփոխությունների ցուցակով՝ օրենսդիրը 1 մլն ՀՀ դրամի չափով գումար նախատեսում է բյուջեից վերցնել ծաղիկների սերմերի համար, նույնքան՝ սոխուկների:
Այգու մշակման հարցում, ըստ էության, ԱԺ-ում բավականին նրբանկատ են: Օրինակ՝ մեկ ձեռքի սղոց գնելու համար ԱԺ-ին բյուջեից կհատկացվի 184 հազար ՀՀ դրամի չափով գումար, մինչդեռ սրանից ավելի ցածր գնով կարելի է ձեռք բերել ձեռքի էլեկտրական սղոց:
1 մլն ՀՀ դրամը ներկայացված է նաև շնորհավորական բացիկների և նույնքան էլ բլանկներ գնելու համար: Համեմատության համար նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար կհատկացվի 1 մլն 107 հազար դրամ, որից 336 000 ՀՀ դրամը՝ աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար, իսկ 771 000 ՀՀ դրամը՝ լեզվի դասընթացների անցկացման:
Աժ-ում նաև մեծ ուշադրություն են դարձնում աշխատակիցների գրասենյակային պայմաններին, այսպես՝ ցանկում նշված է, որ 2015թ. ԱԺ-ն կգնի 20 համակարգիչ՝ ամեն մեկը 430 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատասենյակների փափուկ կահավորանքի վրա կծախսի 980 մլն ՀՀ դրամի չափով գումար, 1 մլն 250 հազար ՀՀ դրամ՝ 2 թերթային սկաներ գնելու համար, շուրջ 3 մլն ՀՀ դրամ՝ լազերային գունավոր տպիչի 128ՄԲ հիշողությամբ, օրինակի համար նշենք, որ բազմաֆունկցիոնալ տպիչ HP Laser Jet CM1415nf-ը՝ 160ՄԲ հիշողությամբ կարելի է գնել 205 հազար ՀՀ դրամով, իսկ լուսանկարչական ծառայությունները կարժենան 830 հազար ՀՀ դրամ:
Սեփական աշխատողների, իսկ ավելի ճիշտ աշխատակցի հանդեպ նվիրումն՝ էլ ավելի ակնհայտ է դառնում, երբ ծանոթանում ես, որ մեկ կախիչ գնելու համար ԱԺ-ին բյուջեից կհատկացվի 20 հազար ՀՀ դրամի չափով գումար:
Ազգային ժողովը բյուջետային մեծ հատկացումներ է նախատեսում ստանալ գնումներ չհանդիսացող այլ ծախսերի համար` 245 մլն ՀՀ դրամ: