Մեր առաջնահերթ պահանջը Թուրքիայից պետք է լինի ցեղասպանության փաստի ընդունումը։ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը։
«Փաստի ընդունում, հետևողական ձևով մղվող պայքար, ինչպես նաև այլ պահանջների ներկայացում, ինչպիսին օրինակ հողերի վերադարձն է։ Իսկ այս ամենին հասնելու համար բացի միջազգային տարբեր հարթակներում մեր խնդրի մասին բարձրաձայնելուց, պետք է, կարողանանք որպես պետություն հասնել հզորության որոշակի մակարդակի։ Խոսքը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հզորության մասին է։ Այս պարագայում կկարողանանք մեր կամքը թելադրել ցանկացած երկրի, այդ թվում` գերտերություններին։ Իսկ միայն լսելի դարձնելով չենք կարող որևէ արդյունքի հասնել»,– նշեց պարոն Ոսկանյանը։
Փաստաբանը անրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավոր ուղիներին, նշեց որ այդ քայլերը պետք է լինեն ոչ թե յուրաքանչյուր տարվա ապրիլի 24–ին, այլ ամեն օր։ Նա պայքարում կարևորեց հայկական սփյուռքի ներուժը։
Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից, նշեց որ Թուրքիան ձգտել և ձգտելու է գործընթացի և հարցի լուծումը տանելու փակուղի. «Չեմ հավատում, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո էլ որևէ բան կփոխվի Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մեջ։ Արդյունքը լինելու է այն, որ ևս մի քանի երկիր կարող են ճանաչել, ևս մի քանի մակարդակներում կարող է այս հարցը բարձրացվել, հնչեղություն ստանալ։ Բայց մինչ այս պահը տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վկայում են, որ որոշակի աշխարհագրական լուրջ փոփոխությունների դեպքում է հնարավոր այս հարցի լուծումը՝ հօգուտ Հայաստանի։ Այլ հանգամանքներում ես չեմ պատկերացնում, որ Թուրքիան կարող է իր դիվանագիտական և տնտեսական հզորության պայմաններում ինչ–որ զիջումների գնալ, ինչ-որ փաստեր ընդունել, ճանաչման վերաբերյալ աշխատանքներ տանել»,– հավելեց նա։
Փաստաբանը նշեց նաև, որ եթե ամբողջ աշխարհի հանրությունը, սովորական քաղաքացին ավելի գիտակից լինի, ավելի շատ տեղեկություն ստանա այս փաստի վերաբերյալ, այնքան ճանաչմանն ուղղված ճնշումները կարող են ավելի մեծ լինել։ Այս նույն մեխանիզմը կիրառելի է նաև Թուրքիայի պարագայում։ Դա անելու համար էլ կարևորեց մեր ջանքերը՝ քաղաքացիներին ճշմարտությունը հասցնելու գործում։
Տիգրանուհի Հարությունյան